31/07/2016 13:30
Ո՞վ է Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը. Ուշագրավ մանրամասներ
Երեկ երեկոյան ցուցարարների կողմից արգելափակված Բաղրամյան պողոտայում միջին տարիքի մի տղամարդ ինքնահրկիզման փորձ կատարեց: Քաղաքացիների ուժերով կրակը արագ մարվեց, սակայն տղամարդը ակնհայտ խորը այրվածքներ էր ստացել:
Aysor.am-ին հաջողվեց պարզել, որ ինքնահրկիզման փորձ կատարողը 1958 թ-ին ծնված Քաջիկ Գրիգորյանն է: Ժամանակին ապրել է Երևանի Սվերդլով (այժմ Բուզանդ) փողոցում: Բնակիչների շրջանում առավել հայտնի է «Ջեբկիր Քջո» մականվանբ:
Տեղի բնակիչների խոսքով, երբ Սվերդլով փողոցի տները սկսեցին քանդել, իսկ ավելի ուշ՝ փոխհատուցել տարածքի համար Քաջիկ Գրիգորյանի մեծ ընտանիքից՝ նա այնտեղ ապրում էր քույրերի, եղբայրների և նրանց ընտանիքների հետ միասին, փոխհատուցում ստացավ միայն եղբոր աղջիկը, որը խաբեությամբ յուրացրել է այն:
«Նրա կռիվը ախպոր աղջկա հետ ա», - Aysor.am-ին ասաց Բուզանդի նախկին բնակիչներից մեկը:
Aysor.am-ին հայտնի է դարձել նաև, որ Քաջիկ Գրիգորյանը բազմաթիվ դատվածություններ ունի: Առաջին անգամ նա դատապարտվել է 16 տարեկանում: Ընդհանուր առմամբ, նա դատապարտվել է 13 անգամ ՝ թմրանյութ պահելու, խուլիգանության և գողության համար:
Այժմ նա գտնվում է Այրվածքաբանության կենտրոնում: Վիճակը բժիշկները գնահատում են ծանր: