19/08/2016 11:38
Արայիկ Խանդոյանը ցանկանում է առաջադրվել ՏԻՄ ընտրություններում
«Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արայիկ Խանդոյանը` Միայնակ Գայլը, ցանկանում է առաջադրվել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետի ընտրություններում:
Իր փաստաբան Արայիկ Պապիկյանի միջոցով տարածած հայտարարության մեջ Խանդոյանը ասում է.
«Արդեն երրորդ օրն է «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և Հատուկ քննչական ծառայությունը չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է իմ Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին:
Հայտարարում եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանությունները ավելացնում են ևս մեկ սպօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը:
Այսպիսի պայմաններում, երբ ողջ իշխանությունը գործում է օրենքից դուրս, առարկայազուրկ է որևէ պահանջ ներկայացնել օրինականության հաստատման վերաբերյալ:
Գործող իշխանությունները, որի գործելաոճը մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումն է, իրավունք չունի ղեկավարելու Ազատ, Անկախ և ժողովրդավար Հայաստանը»:
Նշենք, որ Ծաղկահովիտում ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-ին:
Արայիկ Խանդոյանը մեղադրվոււմ է ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):