26/08/2016 14:19
Մարինկա Խաչատրյանն ու Հայկ Պետրոսյանը՝ «Փոխնակ մայրը» նոր սերիալում
«Շանթ» հեռուստաընկերությունը շուտով սերիալասեր հեռուստադիտողի դատին կհանձնի նոր՝ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալը, որն առանձնանում է նաև այն հանգամանքով, որ գնված չէ ո՛չ բրազիլական, ո՛չ էլ արգենտինական որևէ կինոընկերությունից. մտահղացման և սյուժեի հեղինակը Ռոման Մուշեղյանն է, համասցենարիստն է Էդուարդ Զորիկյանը:
«Ճիշտ է, սյուժետային գիծը ես եմ որոշում, բայց սցենարը, երկխոսություններն ամբողջովին Է. Զորիկյանն է գրում: Սերիալի հիմքում ընդհանուր բնորոշմամբ սուրոգատ մայրությունն է: Այս պատմությունը մի աղջկա մասին է, ով արցախյան պատերազմի ընթացքում որբանալով՝ որդեգրվել է հորաքրոջ կողմից: Սակայն հորաքույրը, ունենալով ընդամենը մեկ երիկամ, հետագայում էլ երիկամային փոխպատվաստման խնդրի առջև է կանգնում: Այս սյուժեին զուգահեռ զարգանում է նաև երկու ընկերների մասին պատմությունը, որը մութ անցյալ ունի»,- ֆիլմի մասին որոշակի փակագծեր բացելով՝ տեղեկացրեց Ռ. Մուշեղյանը:
Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Մարինկա Խաչատրյանը, հերոսին՝ Հայկ Պետրոսյանը: Նկարահանվել են Տիգրան Ներսիսյանը, Հովակ Գալոյանը, Ելենա Բորիսենկոն, Սևակ Սանթրոսյանը, Անահիտ Քոչարյանը, Ջուլիետա Բաբայանը, Եվա Բաղդասարյանը, Արմեն Դալլաքյանը, Թամարա Գևորգյանը, Լիա Զախարյանը, Անի Բայաթյանը և այլք.
«Երկար ժամանակ գլխավոր դերակատարուհի էինք փնտրում, համապատասխան կերպար չէինք գտնում: Լավ էր, ի վերջո գտանք»,- խոստովանեց Ռ. Մուշեղյանը:
Հարցին, թե սերիալային բազմազանության մեջ ինչո՞վ կառանձնանա «Փոխնակ մայրը», և արդյոք պատմությունն ունի նախադեպ՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Կարծում եմ, առաջին հերթին, թեման է աննախադեպ: Սերիալը կառանձնանա նաև արագ զարգացող գործողություններով և ինքնատիպ սյուժեով, ամեն սերիայում մի նոր բան է տեղի ունենալու: Հետաքրքիր բացահայտումներով նախագիծ է սպասվում… Ինչ վերաբերում է պատմության իրական լինելուն, ապա միակ իրականությունն այն է, որ այս խնդիրն այսօր շատերին է հուզում: Ինձ էլ հետաքրքրել է թեման ու որոշել եմ անդրադառնալ»:
«Փոխնակ մայրը» հեռուստաէկրանին կլինի 40 րոպե տևողությամբ՝ սեպտեմբերի 2-ից: Ռեժիսորն է Արտյոմ Հարությունյանը, երկրորդ ռեժիսորը՝ Հայկ Վարդանյանը: