05/09/2016 12:36
Ես չեմ կարող գնալ ու քաջալերել մի մարդու, ում պատճառով հայի արյուն թափվեց. Ռոբերտ Ամիրխանյանը՝ Աշոտ Պետրոսյանին չհանդիպելու մասին
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը Aysor.am-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու չի հանդիպել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանին, որը, հիշեցնենք, հացադուլ էր հայտարարել՝ նշելով, որ ցանկանում է հանդիպում ունենել Ռոբերտ Ամիրխանյանի և Տիգրան Մանսուրյանի հետ:
«Նախ՝ ես այդ ընթացքում Հայաստանում չեմ եղել, նոր եմ վերադարձել, հետո՝ ես զբաղված եմ ստեղծագործությամբ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կոմպոզիտորը:
Ռոբերտ Ամիրխանյանը նշեց, որ հանդիպման հրավիրելու համար, նախևառաջ, նշում են, թե ինչ ակնկալիքով են հանդիպում հրավիրում:
«Եթե նա կանգներ հարթակում ու հայտարարեր, որ ես ողջակիզվում եմ, ես այս կամ այն հարցերի շուրջ համաձայն չեմ, ես կգայի ու նրա կողքը կկանգնեի, բայց ես չեմ կարող գնալ ու քաջալերել մի մարդու, ում պատճառով հայի արյուն թափվեց», - ասաց Ռոբերտ Ամիրխանյանը:
Կոմպոզիտորը ընդգծեց, որ իրեն շատերը սխալ են հասկացել՝ նշելով, թե ինքը պատրաստվում է «Սասնա ծռերին» նվիրված երգ գրել:
«Ես իրենց նվիրված ոչ մի երգի մասին չեմ ասել, ես ասել եմ՝ երգ կգրեմ ձեզ համար, բայց ոչ թե ձեզ նվիրված, դրանք բոլորովին տարբեր բաներ են: Այո, ես գրել եմ «Հավատում եմ քեզ, հպարտ իմ ժողովուրդ» երգը, որ ոչ թե նրանց համար է, այլ բոլորի, այն մեր բոլորի մասին է», - ասաց կոմպոզիտոր Ամիրխանյանը: