05/09/2016 14:09
ՊԲ հրամանատար. Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը նոր զինատեսակներ ձեռք չի բերել
Արցախը ունեցել և շարունակում է ձեռք բերել նոր զինատեսակներ, «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ասել է ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
«Ապրիլյան գործողություններից հետո նորովի բացահայտեցինք և գնահատեցինք մեր ռազմարդյունաբերության ներուժը, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Չէի ցանկանա ծավալվել, բայց ասեմ, որ մենք ունենք միջոցներ և աշխատում ենք այդ ուղղությամբ, որ անակնկալի կբերենք հակառակորդին, անհրաժեշտության դեպքում խոցում կիրականացվի մեր համար անհրաժեշտ ուղղություններում», - ասել է ՊԲ հրամանատարը:
Լևոն Մնացականյանը ընդգծեց՝ ապրիլյան պատերազմում ՊՆ-ն կատարել է իր առջև դրված խնդիրները:
«Աստված մի արասցե, եթե նման գործողություններ վերսկսեն՝ ՊԲ-ն ի զորու է կատարել այն խնդիրները, որոնք դրված են իր առջև: Մի առիթով ասել եմ՝ բացի պաշտպանողական բնույթի գործողություններից կան այլ բնույթի գործողություններ, որ կստիպեն հակառակորդին զերծ մնալ իր մտադրություններից: Վստահեցնում եմ, որ ՊԲ-ն իր հզորությամբ, միջոցներով ի վիճակի է կատարելու ամեն կարգի խնդիր», - ասել է Լևոն Մնացականյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինման գործընթացին, ՊԲ հրամանատարի խոքսքով, այն հսկողության տակ է:
«Մենք հետևում են թե ինչպիսի սպառազինություն է ձեռք բերում Ադրբեջանի ԶՈւ-ն, ինչ ուղղություններ է հնարավոր կիրառվի, դրանց բնութագրերն ինչպիսին են: Ըստ այդմ՝ մենք միջոցներ ենք ձեռնարկում, զորքերի պատրաստության որոշակի փոփոխություններ ենք իրականացնում», - ասել է Լևոն Մնացականյանը՝ նշելով, որ ապրիլյան գործողություններից հետո Ադրբեջանը նոր զինատեսակներ ձեռք չի բերել:
«Դրանից հետո նոր զինատեսակներ ձեռք չեն բերվել, ձեռք են բերվել նմուշներ՝ լրացնելու իրենց կորուստները, բայց ավելի հզոր միջոցներ դեռևս ձեռք չեն բերել», - ասել է ՊԲ հրամանատարը: