27/09/2016 10:51
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում զերծ մնալ գործողություններից, որոնք բացասաբար կազդեն ԼՂ բանակցային գործընթացի վրա
ԵԱՀԿ Մինսկի համանախագահները շարունակում են իրենց ակտիվ աշխատանքը ԼՂ հակամարտության կողմերի հետ՝ խրախուսելով հարգել հրադադարը, Aysor.am-ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ռազմական գործողությունների կրճատումը բանակցությունները հնարավոր են դարձնում», - նշել է Ջ.Ուորլիքը, պատասխանելով հարցին, արդյոք համանախագահները կապի մե՞ջ են կողմերի հետ և ի՞նչ է ձեռնարկվում հրադադարի խախտումները նվազեցնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, սեպտեմբերի 25-ին ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով ԼՂ զինծառայող է զոհվել:
Ջ.Ուորլիքը նշել է, որ կողմերը պետք է միասին աշխատեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորություններն ի կատար ածելու ուղղությամբ՝ սկսած ԵԱՀԿ առաքելության ընդլայնումից:
«Արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հետ Նյու Յորքում ունեցած մեր առանձնազրույցների ժամանակ քննարկել ենք հետագա քայլերը, որոնք կարող են բանակցությունները առաջ մղելու մթնոլորտ ստեղծել, ինչն էլ կարող է բերել կարգավորմանը», - ասել է ամերիկացի համանախագահը:
Նա նաև նշել է, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն մոտ ապագայում, «սակայն այցի օրերը դեռևս նախանշված չեն»:
Հարցին, թե Հայաստանի կողմից ձեռք բերված նոր զինատեսակները, մասնավորապես, հրթիռային կայանքները, և Ադրբեջանում անցկացվող սահմանադրական հանրաքվեն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ԼՂ կարգավորման գործընթացի վրա, Ջ.Ուորլիքը պատասխանել է. «Համանախագահները կողմերին կոչ են անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա»: