06/10/2016 16:40
Երկրորդ թոռնիկս դեռ շատ փոքրիկ է, իսկ մեծ թոռնիկս ինձ համար երգել ու մոմ է փչել. Սյուզան Մարգարյանը նշում է 55-ամյակը
Այսօր երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սյուզան Մարգարյանը նշում է ծննդյան 55-րդ հոբելյանը: Սիրված երգչուհու տոնական օրը սկսվել է կեսգիշերից՝ ընկերների ու հարազատների շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով:
«Մեր ընտանիքում ընդունված ավանդույթ է՝ միմյանց շնորհավորում ենք հենց կեսգիշերին: Ամուսինս կեսգիշերին ծաղիկներով եկավ, ժամը 24:00-ին էլ դուստրս ու փեսաս զանգահարեցին ու շնորհավորեցին: Ճիշտն ասած՝ քաղաքում չէինք, երեկ ենք վերադարձել, այդ պատճառով ոչինչ չեմ պլանավորել այսօրվա համար: Չգիտենք՝ հստակ ինչպե՞ս, բայց անպայման կնշենք», -Aysor.am-ի հետ զրույցում նշեց հոբելյարը:
Սյուզան Մարգարյանի անձնական և ստեղծագործական ձեռքբերումները բազմաթիվ են, բայց նրա համար ամենից կարևորն ու ոգևորողն ընտանեկան ջերմությունն ու համերաշխությունն է:
«Անշուշտ, ստեղծագործական ձեռքբերումներն են պատճառը, որ դուք ինձ զանգահարել եք… Կարևորելով այդ ամենը՝ ուզում եմ պարտադիր շեշտել, որ իմ ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է: Նրանց հետ եմ և՛ երջանկանում, և՛ հանգստանում: Որքան շատանում ենք, երջանկությունս էլ է շատանում: Հավանաբար, տատիկի ամենապարզ խոսքեր ասացի, բայց այս կարգավիճակն ինձ այսօր ամենաշատն է հուզում և հաճելի է», - ժպիտով նկատեց վաստակավոր արտիստուհին:
Հարցին, թե արդյոք երկրից դուրս գտնվող միակ դստրիկը, բացի զանգից, այլ անակնկալ մատուցել է մայրիկին՝ պատասխանեց.
«Չգիտեմ՝ ինչու է բոլորի մոտ այնպիսի կարծիք տարածված, թե Սիրուշոն դրսում է: Նա հիմա էլ Երևանում է, իրենց տանը: Ու այսօր, բնականաբար, միասին ենք անցկացնելու»:
Ի դեպ, սիրելի տատիկին իրենց թոթով լեզվով շնորհավորել են նաև թոռնիկները՝ երգչուհի Սիրուշոյի որդիները:
«Երկրորդ թոռնիկս դեռ շատ փոքրիկ է ու իր ջինջ ծիծաղն ինձ ուրախացրեց, իսկ մեծ թոռնիկս ինձ համար երգել ու մոմ է փչել», - նշեց նա:
Նկատառմանը, որ գուցե տատրիկի ու մայրիկի երաժշտական գեները շարունակողը լինի՝ մեր զրուցակիցը ծիծաղելով պատասխանեց. «Չեմ կարծում, բայց փորձեր է անում»:
Մշտապես ժպտադեմ, գեղեցիկ ու կանացի 55-ամյա Սյուզան Մարգարյանին տարիքի ավելացումը չի վախեցնում ու անհանգստացնում: Ամեն տարիք իր հմայքն ու երջանկությունն ունի:
«Հավատացեք, ես բացարձակ չեմ հիշում տարիքիս մասին: Ապրում եմ` թվերի հետ որևէ առընչություն չունենալով: Թվերն էական չեն, ի վերջո մարդն իրեն զգում է այնքան, որքան իր ներսում է, հոգում: Չեմ ժխտի, կար ժամանակ, երբ լսում էի` ինչ-որ մեկը 55 տարեկան է՝ ասում էի՝ օ՜, մեծ մարդ է: Բայց հիմա, երբ ինքս եմ այդ տարիքում, զգում ու հասկանում եմ՝ մարդը երիտասարդ է մնում իր հոգով», - խոստովանեց երգչուհին:
Օրվա հերոսուհին կյանքից մեծ պահանջներ չունի: Ակնկալում ու ինքն իրեն մաղթում է միայն ամենակարևորը.
«Ինքս ինձ առաջնահերթ առողջություն կմաղթեմ, որպեսզի մերձավորներիս չանհանգստացնեմ: Ուժ ունենամ՝ սիրելու, փայփայելու ու խնամելու իմ բալիկներին: Այնպես որ, միայն առողջություն եմ ուզում: Մնացածը թող լինի այնպես, ինչպես Աստված կկամենա»:
Aysor.am-ը ևս շնորհավորում է սիրված երգչուհուն, կնոջը, մայրիկին ու տատիկին՝ մաղթելով ստեղծագործական ու անձնական բազում ձեռքբերումներ: