07/10/2016 17:54
Staff.am. Նոր ստարթափ` աշխատանք փնտրողների և առաջարկողների համար
Վերջերս հայկական շուկայում նոր ստարթափ է գործարկվել՝ Staff.am, որի նպատակն է հեշտացնել ու առավել արդյունավետ դարձնել աշխատանք փնտրողների և առաջարկողների՝ միմյանց գտնելու գործընթացը: Aysor.am-ի զրուցակիցն է Staff.am հարթակի համահիմնադիր Վահե Ավետիսյանը:
- Ի՞նչ է Staff.am-ը:
- Staff.am-ը կարիերայի նոր հարթակ է Հայաստանում, որի նպատակն է տեղական շուկա ներմուծել աշխատանքի և աշխատակիցների փնտրման ինովացիոն գործիքներ և նոր մշակույթ։ Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի մասնագետների կարծիքով՝ Staff.am-ը շատ սպասված հարթակ է մեր շուկայում։ Մեր առաքելությունն է օգնել մարդկանց գտնել սիրելի աշխատանք, իսկ գործատուների համար հեշտացնել աշխատակցի փնտրման գործընթացը, և Staff.am-ը կառուցելիս մենք առաջնորդվել և առաջնորդվում ենք հենց այս սկզբունքներով։
- Ե՞րբ և ինչպե՞ս ծագեց Staff.am-ի գաղափարը:
- Միտքը ծագեց, երբ մենք ինքներս թիմի նոր անդամներ էինք հավաքագրում: Ասեմ, որ բավականին դժվար ճանապարհ ենք անցել: Բնականաբար այդ շրջանում շատերի հետ էի կիսվում իմ մտահոգությամբ, և պարզվեց, որ իսկապես աշխատակիցներ փնտրելու գործընթացում բացեր կան շատ գործատուների մոտ: Մենք աշխատակիցներ հավաքագրելիս օգտագործել ենք առկա բոլոր միջոցները՝ հայկական կարիերայի կայքերից մինչև Linkedin-ի վճարովի ծառայությունները և սոց. ցանցերում տեղադրված գովազդները, որն ինքնին բավականին ժամանակատար է։ Եվ հենց դա էր պատճառը ստեղծելու հարթակ, որի ամենաառաջնային նպատակը կլիներ դարձնել աշխատանք և աշխատակից գտնելու գործընթացն առավել արդյունավետ։ Նախագիծը սկսել ենք 2016թ. հունվարից, իսկ գաղափարն արդեն կար 2015-ից:
- Ինչո՞վ է Staff.am-ը տարբերվում նմանատիպ այլ հարթակներից:
- Ուսումնասիրել ենք ոչ միայն հայկական, այլ նաև արտերկրի առաջատար հարթակները, ընդ որում՝ ոչ միայն ընտրել ենք ամերիկյան և եվրոպական ծագումով, այլ նաև այլ երկրների նմանատիպ պորտալները (Հնդկաստան, ԱՄԷ, Ռուսաստան և այլն): Նշեմ մի քանի սկզբունքային տարբերություններ.
աշխատանք փնտրողների համար․
-Պրոֆեսիոնալ և գործատուների կողմից ընդունելի կառուցվածքով ռեզյումեի ստեղծումը,
-Թափուր աշխատատեղերի վերաբերյալ թիրախային ծանուցումների ստեղծումը,
-Թափուր աշխատատեղերի օնլայն դիմելու դեպքում այդ ամբողջ գործընթացի ընթացքում փուլից փուլ անցնելու կամ մերժվելու դեպքում ծանուցումների ստացումը,
-Գործատուների կողմից նկատվելու հնարավորությունը։
գործատուների համար․
-Աշխատակիցների հավաքագրման ավտոմատացված գործիքակազմ,
-Ժամանակի զգալի տնտեսում առաջարկվող գործիքների շնորհիվ,
-Աշխատանքի դիմորդների տվյալներից կազմված անհատական բազա յուրաքանչյուր գործատուի համար և այն լիարժեք կառավարելու հնարավորություն,
-Սոցիալական մեդիայի աղբյուրների հետ ամբողջական ինտեգրում, որի շնորհիվ աշխատանքի հայտարարությունները հասանելի են դառնում ավելի լայն զանգվածի։
- Ո՞ր փուլում է գտնվում հիմա Staff.am-ը։
Հարթակը բաղկացած է երկու մոդուլներից՝ նախատեսված աշխատանք փնտրողների և գործատուների համար։ Այժմ առաջին մոդուլը հասանելի է անհատների համար, ովքեր գրանցում են իրենց անհատական էջերը և կառուցում օնլայն ռեզյումե՝ տրամադրելով աշխատանքի, կրթության և այլ տեղեկություններ։ Ուրախ ենք, որ օրական 70-100 անհատ է գրանցվում մեր տվյալների բազայում։ Գործատուների համար նախատեսված մոդուլն արդեն ավարտին ենք հասցնում, և այս առումով նույնպես ունենք հաջողություններ․ մոտ 15 խոշոր ընկերություններ արդեն իսկ համաձայնություն են հայտնել համագործակցել մեզ հետ, և այս թիվն օր օրի աճում է։
Նախատեսում ենք հարթակն ամբողջական ֆունկցիոնալով թողարկել մինչև հոկտեմբեր ամսվա վերջ։Սեպտեմբերից ներկայացրել ենք նաև մեր Բլոգը, որն անընդհատ թարմացնում ենք նոր հոդվածներով, ոլորտի մասնագետների հետ հարզազրույցներով և այլն։ StaffBlog-ի միջոցով մենք ավելի մոտ ենք մեր օգտատերերին, իսկ գործատուները՝ աշխատանք փնտրողներին։
- Ինչպե՞ս եք տեսնում Staff.am-ի ապագան:
Հոկտեմբերի վերջին հարթակն ամբողջությամբ թողարկվելու է, և բավականին հագեցած ֆունկցիոնալով ենք հանդես գալու։ Ունենք հստակ ժամանակացույց, ըստ որի աստիճանաբար ներկայացնելու ենք նոր հնարավորություններ և գործիքներ։ Ընդհանուր նախատեսել ենք երեք խոշոր փուլեր հարթակի կատարելագործումների համար։ Շատ մեծ ուշադրություն ենք հատկացնում մեր օգտատերերի կարծիքներին և ականջալուր լինում նրանց, ինչը նշանակում է, որ բացի ծրագրած գործիքներից և ֆունկցիոնալից, կլինեն նաև մեր օգտատերերի կողմից առաջարկված բարելավումներ։Իհարկե, ծրագրում ենք նաև շուտով ունենալ կայքի շարժական (mobile) հավելվածը:Առհասարակ, մեր ծրագրերը Staff.am-ի հետ բավականին հեռատեսական և ինչու չէ նաև հավակնոտ են։