17/10/2016 14:46
Ուղիղ ժամը 24:00-ին ծաղիկներ ստացա թոռնիկիս՝ Դենիի կողմից. Նադեժդա Սարգսյանը նշում է 62-ամյակը
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանն այսօր նշում է ծննդյան 62-ամյակը: Aysor.am-ի հետ զրույցում երգչուհին խոստովանեց՝ այս տարի անձամբ չի նախապատրաստվել, այդ հաճելի գործը ստանձնել են իր սաները:
«Մեր քոլեջի անձնակազմն է որոշել օրս նշանավորել, բայց թե որտեղ ու ինչպե՞ս՝ ինձ չեն ասում, որոշել են անակնկալ անել: Վստահ եմ, որ գեղեցիկ օր եմ ունենալու, թեև ներկա պահին էլ աշխատանքի մեջ եմ», - նշեց մեր զրուցակիցը:
Հոբելյարի տոնական անակնկալները սկսվել են դեռևս կեսգիշերից:
«Ուղիղ ժամը 24:00-ին ծաղիկներ ստացա թոռնիկիս՝ Դենիի կողմից: Նաև քոլեջի ուսանողները փուչիկներով ու պայթյուններով մեր տուն եկան», - ասաց նա:
Երգչուհու՝ այս տարվա մտապահած ցանկությունը կապված է միայն եվրատեսիլին մասնակցող իր սաների հետ:
«Ցանկանում եմ, որ երեխաները լավագույն կերպով ելույթ ունենան: Դրա համար ամեն ինչ անում ենք»:
Հարցին, թե որն է այս տարիների իր ամենագլխավոր ձեռքբերումը՝ Ն. Սարգսյանն առանց վարանելու պատասխանեց.
«Իմ ամենալավ ձեռքբերումներումն այն է, որ Էմմիի պես հրաշալի դուստր ունեմ: Նաև այսօր ունեմ թոռնիկ, ով իմ երջանկությունն ու ուրախությունն է, նրանցով եմ ապրում», - ընդգծեց օրվա հերոսուհին:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Նադեժդա Սարգսյանին՝ մաղթելով առողջություն ու բազում երջանիկ տարիներ: