20/10/2016 16:33
Ապօրինի հարստացման ռիսկն ու գայթակղությունը, եթե չասեմ կվերանան, ապա կնվազեն. Արփինե Հովհաննիսյան
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության նոր ծրագրում հատկապես կարևորում է ապօրինի հարստացման քրեականացումը։
«Ապօրինի հարստացման քրեականացումը կառավարության ամենակարճաժամկետ ծրագրերից մեկն է և դրա կյանքի կոչումը կվկայի կառավարության քաղաքական կամքի մասին՝ օր առաջ պայքարել ապօրինի հարստացման դեմ»-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Մինևույն ժամանակ նախարարն ընդգծեց, որ ապօրինի հարստացման դեմ պայքարի համար միայն դրա քերականացումը բավարար չէ։
«Մեկ գործողությամբ ֆենոմենալ արդյունքներ չենք կարող արձանագրել։ Այդպես չի լինելու: Ապօրինի հարստացման քրեականացումը ինքնին մեծ արդյունք չի տա։ Սա կաշխատի այն ժամանակ, երբ կրկին կառավարության ծրագրում ամրագրված մի քանի ծրագիր ևս ճիշտ ժամանակին արվեն։ Խոսքը վերաբերում է, օրինակ, կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրենքին։ Եկամուտների հայտարարագրման ոլորտում ևս կարող ենք արձանագրել վարչական և քրեական հաջողություններ»,-ասաց նա։
Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ օրենքի ընդունմանը պիտի հետևեն նաև փոխկապակցված անձանց շրջանակի և հայտարարագիր ներկայացնող անձանց ընդլայնումը։ Նախարարի դիտարկմամբ՝ սրանք փոխկապակցված հաջորդական քայլեր են, որոնց կիրառության դեպքում միայն կարելի է հասնել հաջողության։
Դիտարկմանը՝ կարելի է արձանագրել, որ կարճ ժամանակ անց մենք չե՞նք ունենա ապօրինի հարստացող պաշտոնյաներ, նախարարը նշեց.
«Չկա այնպիսի երկիր, որ կոռուպցիայի դեմ պայքարը դադարեցրել է։ Այլ հարց է, թո ով ինչ մակարդակով ու ծավալներով է պայքարում կոռուպցիայի դեմ։ Ապագային ուղղված կանխատեսումներ ես չեմ կարող անել։ Ամեն դեպքում, ապօրինի հարստացման ռիսկն ու գայթակղությունը, եթե չասեմ կվերանան, ապա կնվազեն, քանի որ դրա համար կնախատեսվի քրեական պատասխանատվություն»: