21/10/2016 13:13
Աղետի գոտի ներդրումներ բերելու և անօթևանների խնդիրը լուծելու համար կառավարությունը պայմաններ պետք է ստեղծի. Վահան Թումասյան
Կառավարության ծրագրի՝ Գյումրու անօթևաններին վերաբերող դրույթում բնակարային շինարարություն, քաղաքի արդյունաբերության վերականգնում, կանաչ գոտիների վերականգնում նախատեսված չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով կառավարության ծրագրին, ասաց «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը:
Մինչդեռ, ըստ նրա, աղետի հետևանքները վերացնելու համար այդ խնդիրները պետք է ներկայացված լինեին:
«Կառավարության նախագծում հանդիպեցի ընդամենը մի փոքր պարբերության, այն է՝ կառավարության նոր ծրագրով նախատեսվում է 2017 թ.-ին ավարտել 1988թ.Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներին բնակարանների տրամադրումը: Ի՞նչ կստանանք մենք ծրագիրը ավարտելուց: Այս պարբերությունն իր հավելվածները պետք է ունենա, որպեսզի հասկանանք, թե ինչ են ուզում անել», - ասաց Վահան Թումասյանը:
Նրա խոսքով՝ ավելի ճիշտ կլիներ, եթե կառավարությունը նպաստավոր պայմաններ ստեղծեր, որ անօթևանության խնդիրների լուծման ներդրումներ լինեին. «Ես հասկանում եմ, որ իշխանությունները չէին կարող միայն Հայաստանի բյուջեի միջոցներով լուծեին այս խնդիրը: Իրենք պետք է այնպիսի դաշտ ստեղծեին, որ ներդրումներ բերվեր աղետի գոտու վերականգնման համար»:
Վահան Թումասյանն ասաց, թե «Շիրակ» կենտրոնը սփյուռքի հայրենակիցների աջակցությամբ մեկ տասնյակից ավելի անօթևան ընտանիքների բնակարաններ է տվել, և հիմա, իր խոսքով՝ ընկել է անելանելի վիճակի մեջ:
«12 հազար դոլար հարկ ու տուրք են դրել մեր վրա: Ո՞ր մի նորմալ մարդը ներդրում կանի կամ անօթևանին բնակարան կտա: Գյումրիում 3000 անօթևան բնակարան ունենք, որից մոտավորապես կեսն ապրում են անմարդկային պայմաններում: Ցանկացած մարդու իրավունքների մոնիտորինգի դեպքում Գյումրիի անօթևանները կհայտնվեն սարսափելի վիճակում: Հիմա, այս պայմաններում ծրագիրն ավարտելով ի՞նչ կստանան: Իշխանությունները ոչ միայն չեն տեսնում այդ վիճակը, մենք անում ենք իշխանությունների փոխարեն, իշխանությունները մեզ պատժում, հարկային տեռորի են ենթարկում», - նշեց Վահան Թումասյանը:
Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է 2017 թ.-ին ավարտել 1988թ.Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներին բնակարանների տրամադրումը:
Ծրագրով նախատեսվում է ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շարունակական իրականացում ու 2017 թվականին Գյումրի քաղաքում դրա ավարտ: