04/11/2016 11:27
Տատիկին պետք է մերժել․ պետությունը չունի այդ փողը, որ ուղղակի ցանկություններ կատարի․ Առողջապահության նախարար
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում հարց ուղղեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ քայլեր են տարվում պետպատվերի հարցը կարգավորելու համար։ Պատգամավորն ընդգծեց, որ պետպատվերի մասով համակարգը բացարձակ ձախողված է ու չի գործում։
«Գիտեք՝ ձեր ոլորտում այնքան խնդիրներ կան, որ եթե ես հիմա բոլոր հարցերը շարադրեմ, այստեղից այսօր դուրս չենք գա։ Խայտառակ վիճակ է, երբ հիվանդին «պաս են տալիս» տարբեր բաժիններով, փող են աշխատում։ Մարդը գնում է, գլխացավից է բողոքում, նրան ուղարկում են ռենտգեն, սոնո, լողի, հետո չգիտեմ՝ որտեղ, որովհետև բոլորը շղթայով կապված են։ Հետո էլ ասում են՝ «կգնաք անպայման այ էս դեղատնից կառնեք դեղը, որովհետև մենակ այդտեղ է դեղը», որովհետև գիտեք, որ տվյալ բժիշկն այդ դեղատան հետ ատկատով աշխատում է», - նշեց պատգամավորը և հավելեց, որ սրա պատճառով շատ տարեցներ խուսափում են դիմել բուժհաստատություններ՝ նախընտրելով բուժվել տանը։
Նախարարը համաձայնեց, որ թվարկված բոլոր խնդիրները համակարգում կան և դրանք ոչ միշտ է ստացվում լուծել։
«Նվազեցրած բյուջեն բավական է, որ առնվազն երկու անգամ բուժծառայությունների որակն ու հասանելիությունն ապահովենք։ Ինչի՞ հաշվին։ Նույն տատիկը, որի մասին դուք ասում եք, գալիս է հիվանդանոց և ասում է՝ «բալիկ ջան, ինձ ռենտգեն քցի» և ինչքան մոտենան, այնքան նրանց կգցեն, մինչև գումարները չվերջանան։ Մենք պետք է սովորենք ասել՝ ոչ։ Եթե այդ ախտորոշման դեպքում համակարգչային տոմոգրաֆիա չի հասնում՝ տատիկին պետք է մերժել։ Չունի պետությունն այդ փողը, որ ուղղակի ցանկություններ կատարի՝ առանց բժշկական ցուցումների», - ասաց Լ.Ալթունյանը:
Պատգամավորը չհամաձայնեց՝ պնդելով, որ այս դեպքում վտանգ կա, որ նույնիսկ անհրաժեշտության դեպքում այս բուժզննումները չեն տրամադրվի։