07/11/2016 10:31
Գևորգ Կոստանյան. 2017-ին ՄԻԵԴ-ը կկայացնի Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը
Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ում ներգրավվել է որպես 3-րդ կողմ և սպառիչ ներկայացրել է իր դիրքորոշումը թե՛ Հունգարիայի կառավարության գործողությունների, թե՛ Ադրբեջանի կառավարության, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի գործողությունների վերաբերյալ, հայտարարել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում:
«Մենք հիմնավորել ենք, որ Հունգարիայի կառավարության գործողություններն ուղղակիորեն հանգեցրել են եվրոպական կոնվենցիոն իրավունքների և միջազգային փաստաթղթերի խախտմանը: Միաժամանակ հիմնավորել ենք, որ Ադրբեջանի կառավարության, իսկ ավելի շատ՝ Ադրբեջանի նախագահի գործողությունը՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, ինքնին, որպես առանձին ակտ, խախտել է եվրոպական ամենակարևոր արժեքը՝ կյանքի իրավունքի նկատմամբ հարգանքը: Եվ ես համոզմունք ունեմ, որ մենք առնվազն եկող տարվա մեջ կունենանք վճիռ: Հույս ունեմ, որ այդ վճռով հստակ կարձանագրվի և՛ հունգարական կառավարության, և՛ հատկապես Ադրբեջանի նախագահի գործողությունների անօրինականությունը, և՛ կոնվենցիոն հակասությունը», - ասել է Գ. Կոստանյանը: