12/11/2016 11:09
Եթե գաք, ասեք «վիճակներս վատ ա, մեզ պիտի պահեք», չեմ պահելու. Վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը Տավուշի մարզից ակնկալում ու սպասում է մինչև տարեվերջ համայնքների զարգացման ծրագիրը, երազանքը, թե ինչպես են տեսնում համայնքի զարգացումը:
«Հարաբերությունները լինելու են գործընկերային, մենք հասկանում ենք, որ դուք բազմաթիվ դարդ ու ցավ ունեք, պրոբլեմներ ունեք, մենք հասկանում ենք, որ մենք յուրահատուկ վերաբերմունք ունենք ցույց տալու սահմանամերձ համայնքներին, որտեղ առանձնապես տնտեսական ակտիվություն չկա»,- Տավուշի մարզ այցելության ժամանակ մարզպետի ու համայնքների ղեկավարնեի հետ հանդիպմանը ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը շեշտեց` այս ամենը լինելու է այն խաղ կանոնների մեջ, որով պայմանավորվել են առաջ շարժվել:
Կարեն Կարապետյանն ընդգծեց` պետք է այնպես անել, որ մարզում ոչ թե գան ու բարեգործություն անեն, այլ պետք է համոզել, որ գան բիզնես դնեն:
«Մենք քայլ առ քայլ ամեն օր առաջ ենք գնալու: Մենք պետք է գիտակցենք, որ մեր տեղը ոչ մեկ չի գալու ինչ-որ բան անելու: Եթե գաք, ասեք «վիճակներս վատ ա, մեզ պիտի պահեք», չեմ պահելու, իսկ եթե գաք ասեք, որ «մենք սա ենք արել, նա ենք արել, դու էլ սա արա», այդ դա ուրիշ բան», - ընդգծեց Կ. Կարապետյանը:
Վարչապետն ասաց, որ հաջորդ հանդիպման արդյունքները պետք է լինեն կիրառական:
«Հաջորդ մեր հանդիպմանը պետք է ծրագրերը ներկայացնել ամփոփած, որ մենք նայենք ու ասենք, թե որ ծրագրերն են մեզ ոգևորել, որ մեկին ենք արձագանքելու: Հաջորդ մեր հանդիպմանը, անպայման, արդյունքը պետք է լինի կիրառական: Կոնկրետ ծրագիր՝ ինչ ենք անում, ուր ենք գնում, ոնց ենք գնում, ով ինչ է անում», - նշեց նա:
Կարեն Կարապետյանն ընդգծեց՝ յուրաքանչյուր հանդիպումից ինչ-որ նոր բան իր համար գտնում է:
«Եթե դուք էլ եք մեր այդ հանդիպումից հասկացել, թե մեր հաջորդ հանդիպմանը ձեր ծրագիրը ոնց եք ներկայացնելու, ապա լավ է, եթե չէ, ապա իզուր ենք այստեղ եկել», - նշեց վարչապետ Կարապետյանը: