15/11/2016 16:09
Հայտնի անեկդոտ կա` «որ բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչն ո՞վ գողացավ». Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու «1000 դրամի» նախագծին, որովհետև բանակը համազգային գաղափար է, ԱԺ-ում իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Պատերազմն այսօր է ու չգիտենք, թե 5 րոպե հետո սահմանին ինչ կլինի: Միևնույն ժամանակ` չենք կարող չխոսել վստահության գործակցի մասին: Այսօր որևէ նախաձեռնության հանդեպ չկա հանրային վստահություն: Սա ողբերգություն է»,- ասաց ԲՀԿ ղեկավարը:
Նա ընդգծեց` պետք է խոսել եղած կոռուպցիոն երևույթների մասին:
«Որևէ մեկն իրավունք չունի մեր բերանը փակելու ու ասելու` իրավունք չունեք խոսելու բանակում առկա կոռուպցիոն երևույթների մասին: Ասու՞մ եք փաստեր, օրինակներով է գրվել՝ գոմէշի մսի էպոպեան մեկ, գնացեք Վահագնի թաղամաս ու տեսեք` ձեր գեներալիտետի ու պաշտպանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների դղյակները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ պատգամավորի` բանակին աջակցելը բոլորի բարոյական պարտքն է, բայց նաև յուրաքանչյուրիս բարոյական պարտքն է խոսել թալանի, թալանչիների ու «կես միլիոն դոլարանոց ջիպերով շրջագայող գեներալների մասին»:
«Հայտնի անեկդոտ կա` «Էդ որ բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչն ո՞վ գողացավ»: Նայում ես ձեր ունեցվածքին` Ռոքֆելլերը գլուխը պատին է տվել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: