18/11/2016 19:28
Կամուսնանամ միայն սիրո առկայության դեպքում. Միլենա Վարդանյան
Aysor.am-ի զրուցակիցը երիտասարդ դերասանուհի Միլենա Վարդանյանն է, ում հեռուստադիտողն առաջին անգամ հանդիպեց Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» սերիալում, որին անմիջապես հաջորդեց «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սերը»: Ռուսական առոգանությամբ հայ դերասանուհին առաջնահերթ հենց այդ առոգանության միջոցով էլ աչքի ընկավ հեռուստադիտողի կողմից:
-Միլենա, այժմ զբաղված եք «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» սերիալում: Գո՞հ եք Ձեր զբաղվածությունից:
-Այո, ես գոհ եմ, քանի որ զբաղվում եմ սիրածս գործով:
-Մասնագիտությամբ դերասանուհի՞ եք:
-Այո, դերասանական վարպետություն սովորել եմ Իտալիայի թատրոնի և կինոյի ակադեմիայում:
-Ձեր քույրը՝ Ելենա Վարդանյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի է: Դերասանական աշխարհում մարդիկ հաճախ հայտնվում են ոչ միայն տաղանդի շնորհիվ. ի՞նչ եք կարծում, Ձեր դեպքում ի՞նչն առավել որոշիչ դարձավ՝ տաղանդը՞, քույրիկի գործոնը, թե՞ արտաքինը:
-Առաջին հերթին՝ իմ մասնագիտական հմտություններն ու որակները: Կարծում եմ, այս գործում արտաքինը վերջին դերում չէ, բայց, ամեն դեպքում, երկրորդ պլանում է: Ամենակարևորը տաղանդն է, արհեստավարժությունն ու աշխատասիրությունը:
-Այժմ նոր առաջարկներ չունե՞ք:
-Ունեմ մի քանի նոր առաջարկներ, սակայն, ցավոք, չեմ կարող այդ մասին դեռևս բարձրաձայնել:
-Եթե չեմ սխալվում, տևական ժամանակ ապրել եք Իտալիայում: Կպատմե՞ք, երբ եք մեկնել, ի՞նչ նպատակով, ինչո՞վ էիք այնտեղ զբաղվում:
- Այո, ես Իտալիայում ապրել եմ 3 տարի: Առաջին անգամ այնտեղ գնացել էի «Մարանգոնի» ինստիտուտի «Դիզայնի» բաժնում սովորելու նպատակով՝ որպես կանացի հագուստի դիզայներ: Ավարտելուց հետո հասկացա, որ դա այնքան էլ իմը չէ: Այդ ժամանակ որոշեցի իրականացնել ամբողջ կյանքիս երազանքը՝ դառնալ դերասանուհի: Ընդունվեցի Թատրոնի և կինոյի ակադեմիա, որտեղ էլ հետագայում աշխատեցի որպես դերասանուհի:
-Իսկ որքա՞ն ժամանակ է՝ կրկին Հայաստանում եք, ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ:
-Արդեն մեկ տարի է՝ Երևանում եմ: Անկեղծ ասած՝ չէի նախատեսել մնալ ու ապրել Հայաստանում, ընդամենը մեկ ամսով էի եկել: Սակայն գալուցս 10 օր անց ինձ առաջարկեցին նկարահանվել ֆիլմում, ես էլ համաձայնեցի: Նախագծի ավարտից անմիջապես հետո առաջարկ ստացա սերիալից: Գրեթե մեկ տարվա պայմանագիր կնքեցինք: Այդպես էլ մնացի Երևանում:
-Ծնունդով Երևանի՞ց եք:
-Այո, այստեղ եմ ծնվել: 8 տարեկան էի՝ ընտանիքիս հետ մեկնեցինք Հայաստանից. Մոլդովայում ենք ապրել, հետո՝ Մոսկվայում:
-Միլենա, կպատմե՞ք Ձեր արմատների մասին: Որտեղի՞ց է գալիս ռուսական տոնայնությունը:
-Մեր ազգում բոլորը մաքուր հայեր են: Ուղղակի ինձ և քրոջս առավել հեշտ է ռուսերեն խոսել, քանի որ երկար ժամանակ ապրել ենք ռուսախոս երկրներում, ստացել ռուսական կրթություն:
-Ի դեպ, չե՞ք մտածում համալրել թատրոնի դերասանների շարքերը:
- Ոչ: Ճիշտ է, ես ունեմ թատերական աշխատանքի փորձ, բայց նախընտրում եմ ֆիլմերում նկարահանվել:
-Թեև հայկական սերիալներում բաց տեսարանների գրեթե չենք հանդիպում, բայց, ամեն դեպքում՝ ռեժիսորներից երբևէ ստացե՞լ եք առաջարկներ ներկայանալու այդկերպ: Առաջարկի դեպքում ինչպե՞ս կարձագանքեք:
-Նման առաջարկ չեմ ստացել, ստանալու դեպքում էլ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նախագիծ է և ինչ աստիճանի բաց տեսարան է:
-Ասում են՝ դերասանները միմյանց հետ այնքան էլ լեզու չեն գտնում: Ովքե՞ր են Ձեր ընկերները:
-Նախ, իմ ամենամտերիմ ընկերն իմ քույրն է: Իսկ մնացյալ մոտ ընկերներս, ցավոք, Հայաստանում չեն ապրում:
-Ինչպիսի՞ն եք բնավորությամբ:
-Բավական վճռական եմ (ժպտում է):
-Միլենա, սիրո գաղափարը ժամանակի հետ, կարծեք, փոխվել է: Պատրա՞ստ եք Ձեր կյանքը կապել ինչ-որ մեկի հետ՝ հանուն գումարի, թե առաջնային տեղում սերն է:
-Ինձ համար ընտանիքը սուրբ բան է, որից առավել կարևոր ոչինչ չկա: Բնականաբար, ես կամուսնանամ միայն սիրո առկայության դեպքում:
-Սիրահարվա՞ծ եք, հայ տղամարդկանց մեջ նկատո՞ւմ եք այն մեկին, ում հետ կարող եք հաշտ ապրել:
-Ոչ, սիրահարված չեմ, այդ մեկին էլ դեռևս չեմ նկատում:
-Ինչը կարող է Ձեզ խանգարել սիրել:
- Կեղծավորությունը…