22/11/2016 16:34
Նախորդ տարիներին ու այսուհետ զոհված կամ վիրավորված զինծառայողներին տրվող աջակցությունը ժամանակի հետ պիտի համահավասարեցվի. Արծրուն Հովհաննիսյան
Զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողներին օգնելու համար ստեղծվելիք հիմնադրամին ամսական 1000 դրամ կվճարի մոտ 500 հազար մարդ, այսօր «Ազատություն» ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Մոտ 700 հազար գրանցված աշխատողից այս հիմնադրամի գործունեությանը ռեալ մասնակցելու է 500 հազարից քիչ մարդ` հաշվի առնելով բացառությունները նվազագույն աշխատավարձ ստացողների կամ զինծառայող ունեցող ընտանիքների համար»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա` օրենսդրությունը ենթադրում է, որ զոհվելու դեպքում զինծառայողի ընտանիքին կտրամադրվի 5-ից 10 մլն դրամ միանվագ վճար և 200-ից 300 հազար դրամ ամենամսյա մշտական վճար:
«Գումարի այս տատանումը կախված է լինելու հաշմանդամության կարգից, կոչումից, ծառայության ստաժից և այլն: Գումարը ծախսվելու է միայն այս մեխանիզմով: Եթե, Աստված տա, չլինեն զոհեր 2017թ.-ին և հետայսու, ինչը բոլորս ենք ցանկանում, և գումարները կուտակվեն, որոշակիորեն վերանայվելու են նաև նախորդ տարիներին մեր կորցրած զինծառայողների ընտանիքներին վճարվելիք գումարները»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց` անկախ այս օրինագծից` նախորդ տարիներին վիրավորում ստացած կամ զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցության մեխանիզմներն արդեն վերանայվում են.
«Սա կարևոր է, քանի որ ինչ-որ կետից մենք պետք է ունենանք գրեթե համահավասարեցված իրավիճակ»:
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ, օրինակ, եթե քաղաքացին գրանցված աշխատող է մ ի քանի աշխատավայրում, ապա 1000 դրամ վճարումնը կատարվելու է միայն մեկ աշխատավայրից: