28/11/2016 17:17
Խոսքը մեկ գիշերվա մասին չէր, այլ վերջին շրջանի. Խոսրով Հարությունյանը ՀՀԿ-ին անդամակցած 7000 մարդկանց մասին
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը պնդում է, որ կարիք չկա կասկածի տակ դնել Հանրապետական կուսկացությանը 7000 մարդու անդամակցության փաստը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ 7000 մարդ մեկ օրում չի անդամակցել կուսակցությանը, խոսքը կուսակցությանը վերջին ժամանակներում անդամակցած մարդկանց թվի մասին է։
«Խոսքը մեկ գիշերվա մասին չէր, այլ վերջին շրջանի։ Դա հատկապես նոր կառավարության ձևավորման և կառավարության նախաձեռնությունների հետ կապվեց։ Ասվեց, որ կուսակցության անդամների քանակն ավելացել է։ Դա կասկածի տակ դնելու որևէ հիմք ես չունեմ», - ասաց պատգամավորը։
Անդրադառնալով այս հարցի շուրջ ընդդիմադիր պատգամավորների արտահայտած կասկածներին՝ Խոսրով Հարությունյանը նշեց.
«Նոր մեր ընդդիմադիր գործընկերներից մեկն ասեց, դա արվել է ճնշմամբ։ Մենք էլ հարցրեցինք, թե որտեղի՞ց նման տեղեկություն ունի, ասաց, որ շրջապատից է լսել։ Ես չեմ կարծում, որ դրանք էական են»։
Պատգամավորը չժխտեց նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀԿ-ի գրավիչ դառնալու պատճառներից մեկն էլ վարչապետից ու նրա կառավարությունից ունեցած սպասելիքներն էին, որոնք մարդկանց մոտ վստահություն են առաջացնում։