01/12/2016 12:36
2017-ին «Արմենիա» ավիաընկերությունը կզարգացնի թռիչքների եվրոպական ուղղությունները
2017-ին «Արմենիա» ավիաընկերությունը ցանկանում է զարգացնել եվրոպական ուղղությունները՝ դեպի Բարսելոնա, Լոնդոն, Բրյուսել, այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ասաց «Արմենիա» ավիաըկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլին՝ ամփոփելով ավիաընկերության գործունեության մեկ տարին։
«Այս տարվա ընթացքում ունեցանք բազմաթիվ խնդրներ։ Օրինակ՝ պլաններ ունեինք թռիչքներ իրականացնել դեպի Թել Ավիվ, նույնիսկ արեցինք մի քանի թռիչք, որից հետո դրանք դադարեցվեցին, քանի որ թույլտվություն չստացանք»,- ասաց Թամազ Գաիաշվիլին։
Նա ընդգծեց՝ այսօր ավիաընկերությունը գրեթե չի իրականացնում թռիչքներ դեպի Մոսկվա, որն ի սկզբանե առաջնահերթային էր ընկերության համար։
«Սրա պատճառն առկա անբարեխիղճ մրցակցությունն է»,- ասաց «Արմենիայի» հիմնադիր-նախագահը։
Ավիաընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը մանրամասնեց, որ անբարեխիղճ մրցակցության հարցը բազմիցս քննարկվել է ՀՀ Կառավարության հետ.
«Մենք շատ ենք քննարկել հարցը Կառավարության հետ, որպեսզի բարեխիղճ մրցակցություն լինի հայաստանյան ու ռուսական ընկերությունների միջև։ Ես հասկանում եմ, որ ուղևորները ցանկանում են թռչել հնարավորինս էժան, սակայն ինքնարժեքից ցածր գներ առաջարկելն ուղղակիորեն դեմպինգ է։ Բոլոր ծառայությունները մեր ու ռուսական ընկերությունների համար զգալիորեն տարբերվում են՝ մեզ համար դրանք զգալիորեն թանկ են»,- ասաց Ռոբերտ Հովհաննիսյանը։
Նա ընգծեց, որ իրենց ավիաընկերությանը հաջողվել է Եվրոպայի ցանկացած երկիր թռչելու հնարավորություն ստանալ, ինչի շնորհիվ էլ գալիք տարում կակտիվանա եվրոպական ուղղությունը։
Ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ անցյալ տարվա դեկտեմբերի 18-ից Հայաստանում լիցենզիա ստանալուց հետո ավիաընկերությունն աշխատանքի է ընդունել 53 մարդու.
«Բացի այդ, այսօր մենք պատրաստում ենք 4 երիտասարդ օդաչուի, ովքեր թռչում են մեր ինքնաթիռներով որպես ստաժորներ ու մեկ տարվա մեջ կդառնան լիարժեք օդաչուներ»: