10/12/2016 13:04
Մտավորականները քննարկել են լեզվական խնդիրների համակարգմանն առնչվող հարցեր
Դեկտեմբերի 9-ին ՀՀ գրողների միության դահլիճում՝ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և ՀՀ գրողների միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայոց լեզվի հիմնախնդիրներ» կլոր սեղան-քննարկում, որին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ սփյուռքի նախարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար Պերճ Դեմիրճյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատողներ, գրողներ, մտավորականներ, հասարակության ներկայացուցիչներ, տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ սփյուռքի նախարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի և Հայաստանի գրողների միության ղեկավարներին համագործակցության համար և հույս հայտնել, որ քննարկման արդյունքում կստեղծվի լեզվի մաքրության պահպանման հարցերով մտահոգ, շահագրգիռ և գործունյա անձանց խորհուրդ:
Ծավալվել է լուրջ քննարկում լեզվի խնդիրների վերաբերյալ: Լեզվաբանները, գրականագետները, մտավորականները ներկայացրին իրենց պատկերացումները լեզվի անաղարտության պահպանման ուղիների, զարգացման հեռանկարների, գրական հայերենի երկու ճյուղերի լեզվավիճակների, դրանց դերի ու խնդիրների մասին:
Քննարկվել են հայոց լեզվի անաղարտության պահպանման իրավական խնդիրները, տարբեր ոլորտներում լեզվի գործառության մերժելի երևույթները, հնչել գործնական առաջարկներ:
ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Հայաստանի գրողների միության ներկայացուցիչների առաջարկով որոշվել է ստեղծել մասնագիտական խորհուրդ, որը լեզվական խնդիրների համակարգման հարցեր և լուծման ուղիներ կմշակի: