10/12/2016 15:59
Ի՞նչ մի տենց արտառոց բան ա եղել. մենք չենք նեղվում, մեզ համար դա սովորական բան ա. ԲԿ-ի փոխտնօրենը՝ 2 տարեկան երեխայի մահվան մասին
Մի շարք լրատվամիջոցներում այսօր հրապարակումներ եղան, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում թոքաբորբից երկու տարեկան երեխա է մահացել:
Տեղեկատվությունը ճշտելու համար Aysor.am-ը կապ հաստատեց բուժկենտրոնի ընդունարանի աշխատակցի հետ:
Բժշկական կենտրոնի ընդունարանի բուժքույրը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեց պատասխանել, թե նախօրեին ԲԿ-ում երեխայի մահվան դեպք եղել է, թե ոչ:
- Ես իրավասու չեմ պատասխանել:
- Ո՞վ է իրավասու, ո՞վ կարող է պատասխանել: Կմիացնե՞ք իրեն:
- Բայց ի՞նչ երեխա է մահացել:
- Երկու տարեկան երեխա, թոքաբորբից:
- Երեխա մահացել ա՞ բայց:
- Եթե Ձեր բժշկակական կենտրոնից արդեն հայտնել են, որ մահացել է, Դուք պետք է ասեք, մահացե՞լ է, թե՞ ոչ:
«Ես ընդունարանի բուժքույրն եմ, այսօր գործի եմ եկել, մահից տեղյակ չեմ», - ասաց բուժքույրը՝ հորդորելով խոսել գլխավոր բժշկի տեղակալի հետ:
Aysor.am-ը կապ հաստատեց նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Լևոն Գրիգորյանի հետ:
- Սպասեք երկուշաբթի օրվան, տնօրենը կպատասխանի բոլոր հարցերին: Հիմա ես ոչինչ չեմ պատասխանելու:
- Չե՞ք հաստատելու կամ հերքելու, այսինքն, մինչև երկուշաբթի տեղեկություն ունենալ չե՞նք կարող:
- Այո. Չեք կարող: Սպասեք, երկուշաբթի տնօրենը կլինի, ինքը ձեզ կպատասխանի:
- Եթե տնօրենը տեղում չէ, այդտեղ պատասխանատու մարդ չկա՞:
- Ես եմ պատասխանատուն, բայց ես չեմ ուզում պատասխանել: Կգա տնօրենը, իրեն կհարցնեք, կպատասխանի: Մի գրեք, մինչև երկուշաբթի սպասեք: Ի՞նչ մի տենց արտառոց բան ա եղել:
- Մահ է գրանցվել:
- Մեզ մոտ 96-րդ մահն է, իսկ այս մահի նկատմամբ ինչո՞ւ եք այդպես առանձնապես նեղվում, հետաքրքրվում:
- Մենք չենք նեղվում, Դուք պետք է նեղվեք:
- Մենք չենք նեղվում, մեզ համար դա սովորական բան ա: Թոքաբորբով երեխան կարող ա և մահանա, ինչ արտառոց բան կա:
- Փաստորեն Դուք Ձեր խոսքում հաստատեցիք, որ մահ կա:
- Այդ մահը դու գիտես, որ կա, ե՞ս պետք է հաստատեմ: Երկուշաբթի օրը գլխավոր բժիշկը ձեր բոլոր հարցերին կպատասխանի: