21/12/2016 15:11
ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ առանձնահատուկ պայմաններ են առաջացած համագործակցության համար. Հասան Ռոհանի
Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ներուժը շատ մեծ է, դրանց մի մասն արդեն օգտագործված է, մի մասն առաջիկա ամիսներին և տարիներին պետք է իրականացնել, այսօր Երևանում հայտարարեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո:
«Հատկապես էներգետիկայի բնագավառում ականատես ենք լավ հարաբերությունների համագործակցության ծավալմանը, պետք է ջանքեր գործադրենք այն ավելի զարգացնելու համար: Պայմանավորվածություն ունենք, որպեսզի Թուրքմենստանի հետ փոխանակման ծրագրի շրջանակներում ունենանք գազի փոխանակումներ և կարողանանք մատակարարումներ իրականացնել նաև այլ երկրներ», - ներկայացնելով բանակցությունների արդյունքները՝ ասաց Հասան Ռոհանին:
ԻԻՀ նախագահի խոսքով՝ պետք է ունենալ նաև երրորդ ուղղություն, որպեսզի կարողանան տարանցիկ ուղիներ ապահովել. «Տարանցման տեսանկյունից Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու աշխատանքները պետք է ավարտին հասցնենք, երկաթգծի միջոցով պետք է ունենանք փոխկապակցված Պարսից ծոց-Սև ծով ուղղություն»:
Հասան Ռոհանին նշեց նաև, թե որոշում է կայացվել, որ երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններն առավել հեշտացվեն և երկրների միջև անհրաժեշտ արտոնյալ պայմաններ ստեղծվեն:
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ առանձնահատուկ պայմաններ են առաջացած համագործակցության համար և քայլեր են ձեռնարկվում դեպի ազատ առևտրի պայմանավորվածություն ձեռք բերելու ուղղությամբ», - ասաց ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Ավելի վաղ նշել էինք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանում պաշտոնական այցով գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։