27/12/2016 13:37
Ավելի նախաձեռնող, ավելի ակտիվ և ավելի ագրեսիվ պետք է լինենք. Արծվիկ Մինասյան
Բնապահպանության ոլորտում կառավարության նախատեսած բոլոր ծրագրերն իրականացվել են, տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ շնորհակալություն հայտնելով նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին և բոլոր նրանց, ովքեր ջանք են գործադրել տարվա ծրագիրը կյանքի կոչելու հարցում:
«Կառավարության ծրագրով նախատեսված 6 միջոցառումն էլ իրականացվել է» ,- ասաց նախարարը:
Այս տարի նախարարությունում երկու գերակա խնդիր է եղել. Սևան լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոնի ստեղծում: Երկուսն էլ, ըստ նախարարի, իրականացվել է:
«Սևանա լճի մակարդակը կազմում է 1900 մետր 48 սմ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ 26 սմ-ով ավելի է» ,- տեղեկացրեց Արծվիկ Մինասյանը:
Մինասյանի խոսքով՝ բնապահպանության նախարարությունն իր գործառույթներով շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնումն ու բարելավումն իրականացնող պետական մարմնի կարգավիճակ պետք է ստանա:
«Իսկ դա նշանակում է, որ մենք ավելի նախաձեռնող, ավելի ակտիվ և ավելի ագրեսիվ պետք է լինենք, որպեսզի թույլ չտանք ձևավորվի այնպիսի կոնֆլիկտ, որը կբերի շրջակա միջավայրի վատթարացմանը: Հակառակը, պետք է կարողանանք ձևավորել այնպիսի համակարգ, որտեղ տնտեսական նախաձեռնությունները չդառնան փորձանք շրջակա միջավայրի, բնության և կենդանական աշխարհի համար» ,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը: