28/12/2016 13:52
Վերին Լարսի փակ լինելու դեպքում արագ փչացող ապրանքները կկարողանան շատ մատչելի գնով փոխադրել օդով. նախարար
ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունը ՊՆ-ի հետ համատեղ քննարկումներ է իրականացրել:
«Որոշակի պայմանավորվածություն ունենք, որ երբ Վերին Լարսը փակ կլինի եղանակային պայմանների պատճառով, օդային բեռնափոխադրումների համակարգ է մշակվել և այն տնտեսվարող սուբյեկտները, որ արագ փչացող ապրանքներ են արտահանում, կկարողանան շատ մատչելի գնով դրանք փոխադրել օդով», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նրա խոսքով՝ լոգիստիկ ընկերությունների հետ, որոնք ԵՏՄ-ում ունեն առանձնացված կառույցներ, պայմանավորվածություն են ձեռք բերել, որ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում մեծ ծավալներ չունեցող ապրանքները պետք է համախմբեն և այդ լոգիստիկայի միջոցով արտահանեն:
«Միաժամանակ աշխատանքներ ենք տանում ԵՄ արտահանումն ավելացնելու համար: ՀՀ հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ը դարձել է ԵՄ հավատարմագրման մարմնի անդամ, նաև Իրանի հետ ենք բանակցում, որպեսզի ՀՀ-ում սերտիֆիկացումը ճանաչեն այնտեղ», - ընդգծեց նախարարը: