20/01/2017 15:45
Զինված խմբի գործով դատը երրորդ անգամ հետաձգվեց. Վահան Շիրխանյանը կրկին չէր ներկայացել (Լուսանկարներ)
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը երրորդ անգամ հետաձգվեց:
Նիստին կրկին չէր ներկայացել Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
««Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կրկին տեղեկանք է տրվել, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է և նա ի վիճակի է ներկայանալ դատական նիստին: Սակայն, երրորդ անգամ անընդմեջ Վահան Շիրխանյանը հրաժարվել էր ներկայանալ դատական նիստին, որովհետև նրան պատգարակ չեն տրամադրում», - հայտարարեց դատարանը:
Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշեց, որ դատարանին կեղծ փաստաթղթեր են ներկայացվել: «Ինձ տհաճ է լսել հայտարարությունը, որ Շիրխանյանը գտնվում է բավարար վիճակում: Իմ պաշտպանյալը գտնվում է շատ ծանր վիճակում», - ասաց նա:
Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 27-ին:
Այս գործով, հիշեցնենք, անցնում է 20 անձ: Որպես զինված խմբի ղեկավար՝ ներկայացվում է Արթուր Վարդանյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, նա ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել:
2015 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խումբը բացահայտվել և վնասազերծվել է: Հայտնաբերվել են մեծ քանակի ռազմամթերք, պայթուցիկ և այլ նյութեր, զինվորական հանդերձանք, փաստաթղթեր և այլ իրեր:
Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն ու Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: