02/02/2017 15:40
Օգոստոս ամսվա նախավերջին կիրակի օրը հռչակվում է «Խորովածի միջազգային օր»
Օգոստոս ամսվա նախավերջին կիրակի օրը հռչակվում է «Խորովածի միջազգային օր», լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ ավանդական խոհարարության զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
«Մենք արդեն 9-րդ տարին է, ինչ իրականացնում ենք խորովածի համահայկական տոնը: Տոնի նպատակն առաջին հերթին տարածաշրջանում տուրիզմի զարգացումն է: Անցած տարիները ցույց տվեցին, որ միջոցառումը մեծ հետաքրքություն է առաջացնում զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունների մոտ: Մենք նախաձեռնություն ունենք Ախթալայի քաղաքապետարանի հետ համատեղ հանրահռչակման մի գաղափարի, որը կոչվում է խորովածի միջազգային օր», - նշեց Ս. Մամուլյանը:
Ասուլիսին ներկա Բարբեքյուի համաշխարհային Ասոցիացիայի համանախագահ Արտեմ Ենգոյանն էլ իր հերթին ասաց, որ շատ է կարևորում այս տոնը, քանի որ երկար տարիներ է, ինչ մասնակցում է խորովածի միջազգային շարժմանը:
«Ես այստեղ ներկայացնում եմ խորովածի միջագային շարժումը, որը սկսել է 1996 թվականին, այսօրվա դրությամբ այդ շարժումը միավորում է 35 երկիր, որոնք անմիջապես մասնակցում են դրան: Ես ուրախ կլինեմ, որ այդ շարժումը արմատներ տնկի Հայաստանում, քանի որ դա եղբայրության, ընկերության, բարի կրակի սոցիալ հումանիտար շարժում է», - նշեց Ա. Ենգոյանը:
Կազմակերպիչները նշեցին, որ խորովածի միջազգային օրն առիթ է, որ մարդիկ հավաքվեն, շփվեն, հյուրեր կանչեն:
Ըստ կազմակերպիչների՝ այդ օրը հնարավորություն կտա ամբողջ աշխարում հայկական խորոված, հունական սուվլաքի, վրացական մցվադի, ճապոնական յակիտորի, ռուսական շաշլիկ, բարբեքյու, գրիլ և խորովածի այլ տեսակներ պատրաստողներին մեկտեղելու խորովածի մայրաքաղաք Ախթալայում, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում խորովածին վերաբերվող տարատեսակ միջոցառումներ, ֆլեշմոբեր կազմակերպելու իրենց երկրներում, քաղաքներում, ռեստորաններում, բակերում, բնության գրկում: