06/02/2017 14:37
Նիկոլ Փաշինյանի նախագիծը մերժվեց. դեմ էր միայն ՀՀԿ-ն
Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ: Այն մերժվեց ձայների 39 կողմ, 56 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Մինչ քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ տեղեկացրեց, որ իրենք են ապօրինի հարստացման կրիմինալիզացիայի գաղափարով հանդես եկել, ու ՀԱԿ-ը միշտ դրա կողմնակիցն է եղել։
Նախագծին կողմ քվեարկելու մասին հայտարարեցին Հրանտ Բագրատյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ու ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ այս գումարման Ազգային ժողովին մնացել է մի քանի ամիս և իրենք դեմ են «ձևականություններին», ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու։
«Մենք տեսնում ենք, որ վերջին տարիների ընթացքում անընդհատ բարելավվում են այս ոլորտում աշխատանքները։ Սա նախընտրական քայլ կարելի է դիտարկել, մենք չենք ուզում ձևական որևէ բնույթի հետևից ընկնել։ Խորհուրդ եմ տալիս՝ սա թողնենք հաջորդ Ազգային ժողովին, որպեսզի անդրադառնանք այս խնդրին։ ՀՀԿ-ն դեմ է նման ձևական երևույթներին, ու մենք դեմ ենք քվեարկելու», - ասաց նա։