10/02/2017 17:32
Հայաստանի ճանաչելիության բարձրացման նպատակով մշակվել է ռազմավարական քարտեզ. Զեյթունցյան
ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի կարգախոսն է՝ ճանաչելիություն, հասանելիություն, մատչելիություն. Զ. Զեյթունցյան
2016 թվականի հունվար-դեկտեմբերին ՀՀ այցելել է 1 մլն 259.657 զբոսաշրջիկ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
«2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը կազմել է 2 մլն 867.008, որից, վիճակագրական տվյալներով, զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 259.657 կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5,7%-ով», - նշեց Զ. Զեյթունցյանը:
Նրա խոսքով՝ այցելություններ եղել են հիմնականում ՌԴ-ից, Իրանից, ԱՄԷ-ից, Չինաստանից և Եվրոպայից: Նա նաև ընդգծեց, որ աճ է նկատվել նաև ներգնա տուրիզմի ոլորտում, և 9 ամսվա տվյալների համաձայն, այն 11%-ով ավելացել է:
Անդրադառնալով զբոսաշրջության պետական կոմիտեի հիմնական գործառույթներին՝ Զարմինե Զեյթունցյանը ընդգծեց, որ Հայաստանի ճանաչելիության բարձրացման նպատակով իրենց կողմից մշակվել է ռազմավարական քարտեզ՝ թիրախավորելով զբոսաշրջության շուկաները:
«2017 թվականի մեր ռազմավարության հիմնաքարը Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է ամբողջ աշխարհում, հատկապես թիրախային շուկաներում», - ասաց Զ. Զեյթունցյանը՝ տեղեկացնելով, որ իրենց կոմիտեի կարգախոսն է՝ «ճանաչելիություն, հասանելիություն, մատչելիություն»: