11/02/2017 15:13
Սահմանային իրավիճակը լիովին վերահսկվում է. Վիգեն Սարգսյան
Հայկական Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն` անդրադառնալով վերջին օրերին լարվածության աճին:
«Բոլորը պետք է իմանան, որ իրավիճակը լիովին վերահսկվում է: Որևէ մեկը թող չմտածի, որ այս խախտումները կարող են հուսահատեցնել կամ լարումը հասցնել այն աստիճանի, որ մենք երկնչենք մեր գործը կատարելուց», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Պաշտպանության նախարարը նշեց, որ երեկ եղել է Տավուշի սահմանամերձ գյուղերում և Նոյեմբերյանի գնդում:
«Մեր զինվորները՝ որպես անկախության տարիներին ծնված ու մեծացած սերունդ, փայլում են իրենց ոգով, նվիրվածությամբ ու համոզվածությամբ, որ իրենց կատարած գործը անհրաժեշտ է բոլորիս», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա հորդորեց` կուլ չգնալ ադրբեջանական ապատեղեկատվություններին ու սահմանային իրավիճակին հետևել ՊՆ և ՊԲ պաշտոնական հաղորդագրություններով:
«ՊՆ-ն երբեք գաղտնիք չի պահում այն իրավիճակը, որը կա: Յուրաքանչյուր անգամ, երբ լինում են զինադադարի խախտումներ, դրանց մասին շատ բաց խոսվում է` նշելով, թե խախտումների քանակը, թե կիրառված միջոցները», - ասաց Պաշտպանության նախարարը: