13/02/2017 20:56
Նախկինում չէի հավատում, որ կա սեր առաջին հայացքից, հիմա վստահ եմ` այն կա. Վարդան Հովսեփյանը նշանադրվել է
«Սիրում եմ քեզ». այսպես է վերնագրել facebook-յան իր էջում հրապարակած լուսանկարը դերասան Վարդան Հովսեփյանը: Լուսանկարում դերասանն է՝ ժպտերես աղջնակի հետ:
Aysor.am-ը նրանից հետաքրքրվեց, թե դա նշանակո՞ւմ է, որ սիրո բարեխոս Սուրբ Սարգիսն այս տարի տոնին համահունչ է այցելել նրան: Պարզվեց՝ դերասանն այլևս լքել է ազատ կարգավիճակում գտնվող ցանկալի փեսացուների շարքը: «Առաջին հայացքից» սիրուն չհավատացող երիտասարդն այսօր հավատում է, որ նման սեր գոյություն ունի:
Ի դեպ, Վարդան Հովսեփյանն ու Կարինե Նուրիջանյանն արդեն նշանադրվել են: Նրանց կյանքում ճակատագրական դեր է խաղացել «Կայարան» հեռուստասերիալը, որտեղ Վարդանը մարմնավորում է Վռամին:
«Սերիալի նկարահանումների ժամանակ նա հնչյունային ռեժիսորի մոտ մեկ օրով պրակտիկայի եկավ: Հենց այդտեղ էլ ծանոթացանք, ամեն ինչ շատ արագ ստացվեց: Աստծո ցանկությունն էր… Նախկինում չէի հավատում, որ կա սեր առաջին հայացքից, հիմա վստահ եմ, որ այն կա: Կարինեի մասին շատ բան չեմ ասի, միայն կնշեմ, որ նա հայտնի Նուրիջանյանների տոմից է», - մեզ հետ զրույցում ժպիտով մանրամասնեց նա:
Aysor.am-ը շնորհավորում է երիտասարդ զույգին, մաղթում, որ սերը նրանց կյանքից անպակաս լինի: