21/02/2017 15:14
37 ամյակիս ակնկալում եմ հաղթանակ` աշխարհի չեմպիոնի տիտղոսի վերադարձն ինձ. Արթուր Աբրահամ
Փետրվարի 20-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը դարձավ 37 տարեկան: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը նշեց՝ այժմ Բեռլինից մոտ 400 կմ հեռավորության վրա գտնվող Քինբայում մարզաառողջարանային քաղաքում է, պատրաստվում է գալիք մենամարտին:
«Այս տարի ծննդյանս օրը մարզումների մեջ եմ եղել: Բայց ասեմ, որ սիրում եմ այդ օրն անցկացնել ընտանեկան միջավայրում՝ հարազատներիս, ընկերներիս, բարեկամներիս հետ: Չեմ սխալվի ասելով, որ իմ բոլոր տարեդարձներն էլ հիշարժան են, չի եղել դեպք, որ անհետաքրքիր անցնի: Անգամ, եթե մարզումների մեջ եմ լինում, մեր ակումբի մարզիկների և մարզիչների հետ շատ հետաքրքիր տարեդարձ ենք նշում», - խոստովանեց նա:
Դեռ կեսգիշերից բռնցքամարտիկը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել:
«Բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել, առաջին կամ վերջին չեմ առանձնացնի, բոլորն էլ կարևոր են և հաճելի... Տարբեր մարդիկ տարբեր ժամային գոտիներից են շնորհավորում», - նկատեց մեր զրուցակիցը:
Արթուր Աբրահամն իր լավագույն նվերը ստացել է նախորդ տարի, սակայն 37-ից քիչ սպասելիքներ չունի: Ամենակարևորը՝ ցանկանում է վերադարձնել այն, ինչը մի պահ ձեռքից բաց է թողել:
«36 ամյակս ինձ համար նշանավորվեց որդուս` Գրիգորի ծնունդով: Մեծագույն պարգև է հայր լինելը: 37 ամյակիս ակնկալում եմ հաղթանակ` աշխարհի չեմպիոնի տիտղոսի վերադարձն ինձ: Բոլորիս մաղթում եմ նպատակների իրականացում», - զրույցը եզրափակեց հոբելյարը:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Արթուր Աբրահամին՝ մաղթելով ցանկությունների ու նպատակների իրականացում, բազում հաղթանակներ ու չեմպիոնական տիտղոս: