27/02/2017 13:30
Ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը կլինի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն. Աշոտյան
Խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը կլինի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մենք շատ պարզ ասում ենք՝ Կարեն Կարապետյանը կշարունակի ներկայացնել Հանրապետական կուսակցությունը կառավարության մեջ՝ որպես վարչապետի թեկնածու՝ մեր հաղթանակից հետո։ Կարեն Կարապետյանը և նոր կառավարությունն առ այսօր, ի հեճուկս բոլոր հոռետեսների, շարունակում են դինամիկ կերպով զարգացման ծրագրեր ներկայացնել, շարունակում են ունենալ հասարակության վստահությունը։ Վարչապետը չունի իմ հաճոյախոսությունների կարիքը», - ասաց Արմեն Աշոտյանը։
Նա ասաց, թե ընտրությունները ՀՀԿ-ի համար կարևոր են ոչ միայն իրենց արդյունքով. «Մեզ համար հաղթելուց առաջ կարևոր են ընտրությունների որակը», - նշեց Ա. Աշոտյանը՝ հավելելով, թե իրենք ուզում են հաղթել որակյալ, օրինական, ազատ, արդար ընտրություններում։
Աշոտյանն ասաց, թե ընտրապայքարը պետք է լինի օրենսդրության սահմաններում։