01/03/2017 17:28
Ինչ հայտարարել եմ, տեր եմ. Վարչապետը՝ Փաշինյանին
«Ինչ հայտարարել եմ, տեր եմ այդ հայտարարություններին: Ավելին, ձեր հորդորը, պարոն Փաշինյան, տեղ է հասել, և օգնականս զբաղվում է դրանով», - այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:
Պատգամավորին, նկատենք, հետաքրքրում էր, թե ինչու ընկերություններից մեկը երկար ժամանակ չի կարողանում կերոսին ներկրել Հայաստան: Փաշինյանը նույնիսկ հիշեցրեց լրատվամիջոցներին տված հարցազրույցում վարչապետի հնչեցրած հայտարարությունը, թե յուրաքանչյուր ոք կարող է իր ցանկացած ապրանքը ներկրել Հայաստան, ոչ մի խոչընդոտ չի լինի:
Վարչապետը նկատեց, որ Փաշինյանի մատնանշած ընկերության գործունեության հետ կապված որոշ խնդիր կա, քանի որ ներկրվող ապրանքը ոչ թե կերոսին է, այլ վառարանային վառելիք:
«Այդպիսի սպառում, այս պահին Հայաստանում, մենք կասկածում ենք, որ ունենք: Ունենք նաև կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք», - հավելեց վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով, ՀՀ տնտեսական զարգացման նախարարության տեսչական մարմինը «երկար ժամանակ իր գործառույթները լավ չի կատարել» և այդ պատճառով կան խնդիրներ:
«Այս պահին հետազոտում ենք, որ շուկա չմտնի մի այնպիսի ապրանք, որը հետո կհայտնվի մեկ այլ տեղ: Բայց այն, որ քաշքշուկ կա այս ապրանքի ներկրման հետ, համաձայն ենք», - նկատեց վարչապետը:
Այդուհանդերձ, Ն. Փաշինյանը պնդեց, որ ներկրվող ապրանքը կերոսին է, ավելին պատրաստակամություն հայտնեց ցույց տալ փորձաքննության պատասխանները: «Վառարանային վառելիքն էլ է կերոսին», - հակադարձեց Կարապետյանը:
«Եթե նույնիսկ վառարանային վառելիք է, ապա ՀՀ օրենսդրությամբ դա ներկրելու որևէ արգելք չկա», - իր հերթին նկատեց պատգամավորը՝ պնդելով, որ վարչապետի հայտարարությունը, թե յուրաքանչյուրը կարող է ցանկացած ապրանք ներմուծել Հայաստան, այլևս չի գործում:
Կարեն Կարապետյանն ի պատասխան հիշեցրեց ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված դեպքերը, երբ անորակ նավթամթերքի պատճառով ռազմական տեխնիկան լավ չի աշխատել ու հավելեց. «Ինչ վերաբերում է քաշքշուկին, դուք ճիշտ եք, այդ խոչընդոտը չպետք է լինի: Ես ընդունում եմ: Բայց ես նաև պնդում եմ, որ սահմանի վրա մենք որևիցե ապրանքի ներմուծման սահմանափակում չունենք»: