06/03/2017 09:29
Եթե որևէ մեկն «Իսկանդեր»-ի վերաբերյալ իմ խոսքերն ընկալել է որպես սպառնալիք` նա իրավացի է. Վիգեն Սարգսյան
Եթե որևէ մեկն «Իսկանդեր» համակարգերի վերաբերյալ իմ խոսքերն ընկալել է որպես սպառնալիք` նա իրավացի է, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Մենք ամբողջությամբ տնօրինելով այդ զենքն ու դրա կիրառման բոլոր իրավունքները` միշտ պահում ենք մեր զինանոցում այդ հնարավորությունը: Եթե իմ հայտարարությունը որևէ մեկին վախեցրել է, ուրեմն այն ճիշտ պահին, ճիշտ ձևով է արվել, որովհետև նպատակը հենց դա էր` սառեցնել այն տաք գլուխները, որոնք կարող էին մոռանալ այդ հեռանկարի մասին», - ասաց Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, սակայն, հայկական կողմի ձգտումն է, որ էսկալացիան հակամարտության գոտում չհասնի այդ աստիճանի:
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանն, ըստ որի, Ադրբեջանի կողմից իրավիճակը պատերազմականին հասցնելու դեպքում հայկական կողմը կկիրառի իր ողջ զինանոցը, ՀՀ պաշտպանության նախարարը նշեց` «զինված ուժերում գերագույն գլխավոր հրամանատարի խոսքերը չեն մեկնաբանում, այլ ընդունում են ի կատարում»:
«Ցանկացած զենքի կիրառում որոշվում է՝ ելնելով մարտական և ռազմավարական հաշվարկներից և այն իրադրությունից, որը կա առաջնագծում: Նման քայլը կատարվում է՝ հաշվի առնելով համաչափության խնդիրներն ու հնարավոր սպառնալիքներն իրավիճակի զարգացման պարագայում», - նշեց նախարարը:
Վ.Սարգսյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն առանցքային խնդիր է, որովհետև չկա սահման, չկա այն տարանջատող գիծը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը տարանջատում է ԼՂՀ քաղաքացիների անվտանգությունից:
Նա նշեց նաև, որ նման հայտարարություններ հայկական կողմից արվում են հատկապես այս օրերին, որովհետև կա զինադադարի ռեժիմի հետևողական խախտում ու հռետորաբանության կտրուկ փոփոխություն.
«Նաև բանակցային գործընթացում կառուցողականության այն թույլ նշույլները նվազում են: Իհարկե, դա որոշակի առումով լարում է իրավիճակը», - ասաց պաշտպանության նախարարը: