07/03/2017 14:02
Ատրճանակը ևս իրենը չի եղել. Մենեջերը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Կամո Ունանյանին բերման ենթարկելու մասին
Մարտի 3-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքի ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել սպորտային կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն Կամո Ունանյանին։ Նրա մեքենայից առգրավել են շուրջ 70 հազար ԱՄՆ դոլար և ատրճանակ: Թե ի՞նչն է պատճառ հանդիսացել կանգնեցնելու և ստուգելու հայ մարզիկի ավտոմեքենան, Aysor.am-ի հետ զրույցում աշխարհի կրկնակի չեմպիոնի՝ լրատվամիջոցների հետ կապերի մենեջեր Աննա Մնացականյանը մանրամասնեց.
«Կանգնեցրել են արագությունը խախտելու պատճառով: Ստուգել են փաստաթղթերը, այնուհետև՝ ավտոմեքենան, որում էլ գումար ու ատրճանակ է հայտնաբերվել»:
Արդյոք գումարի և ատրճանակի սեփականատերը Կ. Ունանյանն է, վերջինիս փաստաբանը Ա. Մնացականյանի միջոցով տեղեկացրեց.
«Գործն այժմ նախաքննության փուլում է: Պարզում են՝ գումարն իրե՞նն է, թե՞ ոչ: Ասեմ, որ ատրճանակը ևս իրենը չի եղել, սակայն անուն չեմ կարող հրապարակել, գաղտնիության այդ իրավունքն ունեմ»:
Աննա Մնացականյանն էլ հավելեց, ամենայն հավանականությամբ, նրան այսօր կամ վաղն ազատ կարձակեն: Փաստաբանը հուսադրել է՝ կանեն ամեն ինչ, որ չեմպիոնի անունն ու համբավը չտուժի:
Կարատեի ազգությամբ հայ աշխարհի կրկնակի չեմպիոնը ԱՄՆ է տեղափոխվել գրեթե մեկ ու կես տարի առաջ՝ այնտեղ ապրելու և գործունեությունը շարունակելու նպատակով: