09/03/2017 12:46
Անդրանիկ Փաշային «վերջնականապես ջախջախելու» վերաբերյալ նամակը կեղծ է ՀՅԴ-ին վարկաբեկելու համար. Արխիվի տնօրեն
Համացանցում տարածված նամակ-նկարը, թե 1918 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նամակ է ուղարկվել Օսմանյան կառավարության զինվորական մինիստր Էնվեր փաշային, Անդրանիկ Փաշային «վերջնականապես ջախջախելու» խնդրանքով, կեղծ է։
Aysor.am-ի հետ զրույցում նամակը կեղծ որակեցին Ազգային արխիվի տնօրենը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«Չեմ հանդիպել նման նամակի», - ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտոիտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ապա հավելեց. «Կարող է շինծու փաստաթուղթ լինել»։
«Դա կեղծիք է, այդպիսի բան չի եղել», - Aysor.am-ին ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
Նա նշեց, որ այս նամակն ավելի վաղ՝ դեռևս խորհրդային ժամանակներում որոշ պատմաբանների կողմից մեկ անգամ դրվել է շրջանառության մեջ և իրականության հետ որևէ կապ չունի։
Վիրաբյանի խոսքով՝ այդ կեղծ նամակում նշված է, թե ստորագրողներից մեկը Քաջազնունին է, այնինչ այդ ժամանակ Քաջազնունին գտնվում էր Թբիլիսիում։
«Հուլիսի 19-ին է նա Թբիլիսիից շարժվել դեպի Երևան։ Այսինքն՝ այդ հեռագիրը լինել չէր կարող», - նշեց Վիրաբյանը։
Նամակում նշված է, թե ստորագրողներից մեկն էլ Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր Արամ Փաշա Մանուկյանն է։ Սրա վերաբերյալ էլ Ամատունի Վիրաբյանն ասաց. «Արամ Փաշան երբեք զինվորական մինիստր չի եղել։ Այդ ժամանակ նա ընդամենը ներքին գործերի մինիստր էր և գտնվում էր Երևանում»։
Մյուս ստորագրողն, ըստ նամակի, Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ Սահակյանն է։
«Կառավարության խորհրդի նախագահ չէ, նա եղել է պառլամենտի նախագահ՝ օգոստոսի 1-ից», - ասաց Ամատունի Վիրաբյանը՝ հավելելով, թե այս նամակը կեղծիք է՝ առանց որևէ կասկածի։
Ազգային արխիվի տնօրենն ասաց, թե նախկինում էլ այս նամակը տարածել էին Դաշնակցությանը վարկաբեկելու համար։
«Քանի որ այդ ժամանակ՝ հուլիսի 17-ին, Սահակյանը և Քաջազնունին գտնվում էին Թբիլիսիում, Արամ Փաշան՝ Երևանում, հետևաբար՝ այդպիսի հեռագիր լինել չէր կարող», - կրկնեց Ամատունի Վիրաբյանը։
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ևս Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ նամակը կեղծ է։
«Բնականաբար, այս նախընտրական շրջանում սա տարածվել է կուսակցությանը վարկաբեկելու համար», - ասաց Կիրո Մանոյանը։