11/03/2017 11:03
ՀԱՊԿ որոշ անդամներ այլ հարթակներում անտեսում են գործընկերների շահերը. Վիգեն Սարգսյան
Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորմանը, այսօր «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի Երևանի նստաշրջանին իր ելույթում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Տարածաշրջանային առումով մեր արտաքին քաղաքականության հիմնարար բաղադրիչն է ռազմավարական միությունը Ռուսաստանի Դաշնության հետ, որն ամրագրված է մի շարք երկկողմ և տարածաշրջանային համագործակցության փաստաթղթերով։ Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում այդ ինտեգրացիոն միավորմանը։ Մենք իսկապես հավատում ենք, որ այս կազմակերպությունը կարող է արժանի տեղ գրավել միջազգային հարաբերությունների համակարգում», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ում կան «դեռ ոչ այնքան արդյունավետ» կետեր։
«Ի՞նչն ենք մենք համարում դեռ ոչ այնքան արդյունավետ այդ կազմակերպությունում, դա ՀԱՊԿ անդամ երկրների՝ արտաքին քաղաքականությունում առաջնահերթությունների համադրումն է։ Մենք տեսնում ենք, որ երրորդ կազմակերպություններում, այլ հարթակներում, այնուամենայնիվ, դեռ կա գայթակղությունը մի քիչ անտեսել ՀԱՊԿ գործընկերների շահերը որոշ անդամների կողմից։ Բայց ես կարծում եմ, որ դա կազմակերպության ներսում մանկական ձախլիկության պես հիվանդություն է, որը ժամանակի հետ պիտի անցնի», - ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։
Նա նշեց, որ սրա հետ մեկտեղ Հայաստանը բավականին ակտիվ գործակցում է ՆԱՏՕ-ի հետ, որը «շատ թափանցիկ է մեր գործընկերների» համար։