13/03/2017 14:42
Ճշմարտասեր, շատ բարի, հասնող. «Շիրակացի» ճեմարանի ուսուցչուհին՝ Միհրան Պողոսյանի մասին (Տեսանյութ, լուսանկարներ)
«Ճշմարտասեր, շատ բարի, հասնող, շնորհակալ, մեծ ու փոքր ճանաչող», - Նոր Նորքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Միհրան Պողոսյանին այսպես ներկայացրեց «Անանիա Շիրակացի» ճեմարանի ուսուցչուհին:
Նա ասաց, որ Պողոսյանին ճանաչել է երկար տարիներ: «Նա օժտված էր առաջնորդին բնորոշ հատկանիշներով, կարող է գնալ հոսանքին հակառակ՝ մնալով համակարգի մարդ, եթե համոզված է, որ իր նպատակը արդար է: Ես վստահում եմ նրան իմ ապագան», - նշեց նա:
Միհրան Պողոսյանին այս ընտրատարածքում աջակցում է Նոր Նորքի նախկին թաղապետ Մելիք Գասպարյանը, որը նախընտրական հավաքի կազմակերպիչներից է:
Իսկ նախընտրական հավաքը վարում էր Խաչիկ Գալստյանը, ով նախկինում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիմից էր: Նա ասաց, որ Միհրան Պողոսյանն ունի «աշխատանքային պատկառելի անցած ուղի, փայլուն կրթություն»:
Ի դեպ, «փայլուն կրթությամբ» պատգամավորության թեկնածուն մոտենում էր հարթակում կանգնած անձանց, որոշում՝ ով պետք է խոսի և հորդորում էր խոսել կարճ՝ ձեռքի մատերով հուշումներ անելով:
Հաջորդ հռետորը ներկայացավ որպես նրա ընկեր, որը 15 տարի Պողոսյանի հետ միասին աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում ու ներկայացրեց. «Միհրան Պողոսյանը ազգի նվիրյալ է, մարդասեր անձնավորություն է, որովհետև նա մշտապես մտածել է քաղաքացուն ավելի շատ օգուտ տալու, քան վնասելու և քաղաքացուց օգուտներ ստանալու մասին»:
Հիշեցնենք՝ Միհրան Պողոսյանը 8 տարի ղեկավարել է ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը և, ի դեպ, հատկապես, վերջին տարիներին այդ ծառայության աշխատանքից հասարակության դժգոհությունը մեծ էր, քանի որ անհարկի արգելանքներ էին դրվում նրանց հաշիվների վրա:
Պողոսյանի ելույթում ակնարկները շատ էին: Նա հորդորեց բնակիչներին թեկնածուներին իրենց «ճիշտ տեղը դնել» ու հասկանալ՝ ով իրենից ինչ է ներկայացնում:
«Պետք ա ընդամենը նայել՝ ով ինչ ա արել իրա կյանքում, ով ինչի ա հասել իրա կյանքում, ով իր ճանապարհը ինքն ա հարթել, ում համար հարթել են ճանապարհ և դրել են որոշակի տեղ, որ ինքը ապրի էդտեղ: Ապրիլի 2-ին, խնդրում եմ, գնացեք ու ձեր երեխայի համար ձայն տվեք, ում մեջ կայծ եք տեսնում, իրան ձայն տվեք: Էն մարդուն, ով սառած ա ու դրածո ա պետք չի ձայն տալ: Եթե մարդ իրանից բան չի ներկայացնում, ինքան ուզում ես հետևից բռթի, չի լինի»:
Նշենք, որ այս ընտրատարածքում Հանրապետական կուսակցությունից առաջադրվել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: