14/03/2017 13:00
Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է անորակ վառելիքի մասին վարչապետի հայտարարությունը (Տեսանյութ)
Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անորակ վառելանյութի և դրա պատճառով ռազմական տեխնիկայի չաշխատելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարության հետքերով Aysor.am-ը այդ հարցը հստակեցնող մի քանի հարց էր հղել ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
Մասնավորապես, խնդրել էինք տեղեկություն տրամադրել՝ արդյո՞ք անորակ կերոսին է մատակարարվել բանակին, որի հետևանքով ռազմական տեխնիկան լավ չի աշխատել: Իրականում նման բացահայտված փաստեր կա՞ն: Եթե այո՝ կա՞ արդյոք որևէ իրավական գործընթաց այդ կապակցությամբ:
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից Aysor.am-ին պատասխանել են, որ նման դեպքեր չեն արձանագրվել:
«Ի պատասխան Ձեր՝ ՀՀ բանակի համար անորակ վառելիք մատակարարելու վերաբերյալ հարցման, հայտնում ենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացի շրջանակներում ձեռք բերված վառելանյութերը մինչև պահպանման բազաներ (պահեստներ) ընդունելը՝
- ՀՀ ՊՆ վառելիքի կենտրոնական լաբորատորիայի կողմից կատարվում է վառելիքի նմուշառում բոլոր ավտոմոբիլային կամ երկաթգծի ցիստեռներից,
- Իրականացվում է վերցված նմուշների լաբորատոր հետազոտություն և դրա արդյունքով որակի համապատասխանության դեպքում տվյալ վառելիքը ընդունվում է, իսկ անհամապատասխանության դեպքում վառելիքը չի ընդունվում:
Ինչ վերաբերում է անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումներին, ապա նման դեպքեր, ներառյալ 2016 թվականին, չեն արձանագրվել», - ասված է ՀՀ ՊՆ պատասխանում: