14/03/2017 16:16
Ջրառատում կողմերի միջև վեճն ու թշնամությունը մեկ տարվա պատմություն ունի
Ոստիկանության լրատվական ծառայությունից Aysor.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացնելով Ջրառատում քիչ առաջ հնչած կրակոցների վերաբերյալ՝ տեղեկացրին, որ երկու կողմերի երեխաները վիճել են, հետո մեծերն են տեղեկացել վիճաբանության մասին։
«Կրքերը բորբոքվել են, վիճաբանողներից մեկի մոտ ինքնաձիգ է եղել, փորձել են այն խլել, քաշքշոցից կրակոց է արձակվել», - տեղեկացրին ոստիկանությունից։
Կրակոցի հետևանքով վիճաբանության մասնակիցներից մեկը ոտքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, ևս մեկը դանակահարված է, մեկն էլ ձեռքի կոտրվածք է ստացել։ Տուժածներն այս պահին բուժօգնություն են ստանում։
Ոստիկանությունը կանխել է վիճաբանությունը։ Ինքնաձիգն առգրավված է։
Այս պահին Ջրառատում ոստիկաններ կան, իրավիճակը վերահսկվում է։
Aysor.am-ի տեղեկություններով, սակայն, կողմերի միջև վեճն ու թշնամությունը մեկ տարվա պատմություն ունի, այն առաջացել է դեռևս համայնքում ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ինչից հետո կողմերը չեն հաշտվել։ Ջրառատում ՕՐՕ դաշինքի քարոզարշավից հետո կրքերը դարձյալ թեժացել են։