18/03/2017 18:32
Ես սպասում էի փաստաբանի զանգին. Վրացի փորձագետը չի մասնակցի «Հաց բերողի» գործով դատաբժշկական փորձաքննությանը
Բժշկական փորձագետ Դավիթ Գոնգոլիան, որը Վրաստանից պետք է ժամաներ Հայաստան «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան գործով դատաբժշկական փորձաքննությանը մասնակցելու նպատակով, տուժողի իրավահաջորդների ոչ պատշաճ կազմակերպվածության պատճառով չի եկել Երևան։
«Ոչ, ես չեմ եկել։ Ես պատրաստ էի մասնակցել։ Ինձ զանգահարեց փաստաբանը ու էլի ինչ-որ մեկը։ Բայց հետո չզանգահարեցին, ես սպասում էի։ Չգիտեմ, ինչ են որոշել, ինչպես են որոշել», - Aysor.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Վրաստանից ասաց Դավիթ Գոնգոլիան։
«Երևի, համաձայնություն չկար։ Չեմ կարող ոչինչ ասել։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ ես չեմ մասնակցում։ Թե ինչու, ինչ որոշում են նրանք ընդունել, ես չգիտեմ», - նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան գործով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումն առկա է։
Վարույթն իրականացնող մարմինը բավարարել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդությունը միջազգային փորձագետներին փորձաքննությանը մասնակից դարձնելու վերաբերյալ:
«Մենք կողմին խնդրել ենք հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել իրենց իսկ առաջարկած փորձագետների մասնակցությունը: Հիմա աշխատանքային կարգով քննարկում ենք իրենց հետ, որպեսզի ապահովեն փորձագետների ներկայությունը», - Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը Aysor.am-ի թղթակցին ասաց, որ հստակ չի կարող նշել, թե որտեղից, ինչ փորձագետ է հրավիրվելու փորձաքննության անցկացմանը մասնակցելու համար:
«Առայժմ այդ հարցը լուծված չէ, մենք այդ հարցով ենք զբաղված, դեռ չի որոշվել ոչինչ», - ասաց Տ.Եգորյանը: