21/03/2017 12:05
Ինձ մեղադրում ու ասում են՝ «այ դու վարչապետ էիր, ինչ արեցիր». որ թվարկեմ, Կարեն Կարապետյանի ուշքը կգնա. Արամ Սարգսյան
«Ելք» դաշինքի երկրորդ համար Արամ Սարգսյանը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում քարոզարշավի ընթացքում, դիմելով հավաքված ժողովրդին, ասաց, թե իրենք են դատավարը և իրենք պետք է լավը վատից տարբերեն։
«Տարբերեք լավը վատից, դատավորը դուք եք, դուք եք տարբերելու՝ Նիկոլը լավ է խոսում Ազգային ժողովում, թե՝ չէ, Էդմոնը լավ օրենքներ գրեց, թե չէ։ Սխալ ենք արել, սխալ ենք աշխատել, դրեք դատեք մեզ», - ասաց Արամ Սարգսյանը։
Նա նշեց, թե բազմաթիվ անգամներ իրեն մեղադրում ու ասում են՝ «ա՛յ, դու վարչապետ էիր, ինչ արեցիր»։
«Ժողովուրդ ջան, ես չեմ սիրում էդ թեմայով խոսել, բայց ես որ թվարկեմ, էս Կարեն Կարապետյանի ուշքը կգնա։ Շատ պարզ ուզում եմ ձեզ ասել՝ իմ վարչապետության շրջանում՝ հոկտեմբերի 27-ից հետո, էն ձևի իրավիճակ էր, որ բոլորը բոլորին կասկածում էին։ Ինձ խնդրել են, որ ես գամ, ես չեմ ուզել։ Հավատացեք՝ որևէ մեկին չեմ ցանկանում էն, որ եղբոր մահից հետո գնա նստի եղբոր աթոռին, զգա էդ հոտը։ Բայց ես գնացի դրան։ Դրանից հետո ես ազգային համաձայնության կառավարություն եմ ստեղծել։ Թող որևէ վարչապետ չասի, որ ինքը քաղաքական այդպիսի քայլ է արել։ Նույնիսկ Սերժ Սարգսյանը խոստացավ, չկարողացավ, երազի էլ, չի կարողանալու», - հայտարարեց Արամ Սարգսյանը։