24/03/2017 14:21
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը
ՀՀ ԳԱԱ-ից տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է վաստակաշատ պատմաբան, հայագիտության բնագավառի ճանաչված կազմակերպիչ, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը:
Վլադիմիր Բարխուդարյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 22-ին` Վրաստանի Մառնեուլի շրջանի Աղքյորփի հայկական գյուղում, ծառայողի ընտանիքում: 1945 թ. նա ընդունվում է Երևանի պետականհամալսարանի պատմության ֆակուլտետ և այն հաջողությամբ ավարտում 1950թ.: Նույն տարումընդունվում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Ասպիրանտական ուսումնառության տարիներին ակադեմիկոս Սուրեն Երեմյանի ղեկավարությամբ մասնագիտացել է Հայաստանիմիջնադարյան պատմության հարցերում: 1954թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական, 1968թ.`դոկտորական ատենախոսությունները:
Վլադիմիր Բարխուդարյանն աշխատանքային մկրտությունը ստացել է Հայաստանի պատմության պետական թանգարանում` որպես կրտսեր գիտական աշխատող (1955-1958թթ.): 1958թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում` որպես կրտսեր (1958-1959թթ.), այնուհետև` ավագ (1963-1967թթ.) գիտաշխատող, գիտքարտուղար (1959-1963թթ.), փոխտնօրեն (1967-1990թթ.):
1990 թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ նախագահությունում` որպես ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար (1990-2000թթ.), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար (2000-2005թթ.), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2005-2006), ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2006-2011թթ.)։