30/03/2017 17:33
ԱԺ-ում հայտնվելու դեպքում Կոմկուսը խոստանում է 17 մլրդ դոլարի ներդրում բերել Հայաստան
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու դեպքում Հայաստան կբերի 16-17 մլրդ դոլարի ներդրումներ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով Կոմկուսի նախընտրական քարոզարշավը, ասաց ՀԿԿ նախագահ Տաճատ Սարգսյանը:
«Աշխարհում կան հզոր միջազգային կոմունիստական շարժումներ, և, մեր ընկերների հետ հարաբերվելով՝ մենք եկել ենք այն եզրակացության, որ եթե ժողովուրդն իր ձայնը տա մեզ, ապա ի դեմս Կոմկուսի` հանրապետությունում ֆինանսական հեղափոխություն կկատարվի և 16-17 մլրդ դոլարի գումար կներմուծվի Հայաստան», - ասաց նա:
Տաճատ Սարգսյանի դիտարկմամբ` Կոմկուսի քարոզարշավը հաջողված էր:
«114 տարվա պատմություն ունեցող Կոմունիստական կուսակցությունը անցել է բազմաթիվ փորձություններ: Այսօր այն չընկճվեց և վերակառուցեց իր դիրքերը, համալրեց երիտասարդ կոմունիստներով և ամեն ինչ արեց, որպեսզի կազմ ու պատրաստ մասնակցի ընտրություններին և իր խոսքն ասի քաղաքական դաշտում», - ընդգծեց նա:
Վերջինիս խոսքով` քարոզարշավը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ժողովուրդը չի մոռացել կոմունիստական կուսակցությանը. «Մենք ունենք ծրագիր, որտեղ ընդգրկված են բոլոր հարցերն՝ առանց բացառության: Ժողովրդի հետ շփումների արդյունքում իմացանք, թե որոնք են նրանց հոգսերը», - ասաց նա:
Սարգսյանը հավելեց, որ ՀԿԿ-ն չի պատրաստվում կոալիցիա կազմել որևէ կուսակցության հետ, որովհետև ոչ մեկի գաղափարախոսությունը չի կիսում: