02/04/2017 12:32
Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը լավագույնս կարող ենք հարգել բարձր մակարդակով կազմակերպելով խորհրդարանական ընտրություններ. Աշոտյան
ՀՀԿ-ն ամբողջ օրվա ընթացքում բրիֆինգներ է կազմակերպելու լրագրողների համար՝ ներկայացնելով ընթացիկ գնահատականներ ընտրությունների վերաբերյալ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այսօր հատուկ օր է, մենք խնկարկում ենք ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը՝ փառաբանելով հայոց բանակն ու այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն այսօրվա, հանուն Արցախի ու Հայաստանի անվտանգության, իրենց հիշատակը լավագույնս կարող ենք հարգել այսօր բարձր մակարդակով կազմակերպելով խորհրդարանական ընտրություններ», - նշեց նա։
ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ այս պահի դրությամբ ընտրությունների ընթացքը նորմալ են գնահատում։
«Որևէ լուրջ մտագոհություն չկա, տեխնիկանան խնդիրները, որոնք ծագել են, նաև մեզ են հետաքրքրում, ըմբռնումով ենք մոտենում խնդիրներին, որ քաղաքական առումով հսկայական տեխնոլոգիական հեղափոխություն ենք իրականացնում երկրում, հասկանալի է, որ հազարավոր սաքրեր կարող են երբեմն չաշխատել», - ասաց Ա. Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց՝ որոշ շրջանակների կողմից ֆեյք ահազանգերի միտում կա։
«Լրատվական աղբ է կուտակվում, որին արձագանքելու ու պարզաբանելու համար ժամանակ է պետք, այո, կան միջադեպեր, դրանք եզակի են, բայց չի կարելի դրանք ամբողջ ընտրական գործընթացի հիմք դիտարկել», - ասաց Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ այս ամենը պլանավորած է։
«Հիշում ենք դաշինքներից մեկի «ահասարսուռ» ահազանգը Գեղարքունիքի մարզից, որը պարզաբանվեց, բացահայտվեց», - նշեց նա։
ՀՀԿ-ին, Աշոտյանի խոսքով, ընտրությունների ընթացքն ամբողջությամբ բավարարում է։