02/04/2017 14:23
Մովսես Հակոբյան. Շատ բան է փոխվել մեկ տարվա ընթացքում (Տեսանյութ)
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը ցավով ու հպարտությամբ է արթնացել այսօր, Եռաբլուրում ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։
«Ցավով, որ չկարողացանք կանխել և զոհեր ունեցանք, բայց նաև հպարտությամբ, որ այսօրվա սերունդը կարողացավ ապացուցել, որ ինքը տերն է այս երկրի, և առաքելությունը, որ պետք է կատարի մեր երկրի պաշտպանության համար, կատարել է պատվով», - ասաց Մովսես Հակոբյանը։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խոսքով՝ շատ բան է փոխվել մեկ տարվա ընթացքում. «Իրավիճակի գնահատումը, հակառակորդի գործողությունների բացահայտումը և դրան ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը»։
Մովսես Հակոբյանն ասաց նաև, որ Ադրբեջանը սկսած 1988 թվականից, երբևէ չի փորձել չհոխորտալ. «Նրանց քաղաքական ղեկավարությունը միշտ սպառնում է Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, բայց ի պատիվ մեր ժողովրդի, շնորհիվ այն տղաների, ովքեր Եռաբլուրում են, երբևիցե դա հակառակորդին չի հաջողվել ու կարծում եմ, որ հետագայում էլ չի հաջողվի»։