13/04/2017 13:43
Այս տարի 850 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ կլինեն. Սուրեն Կարայան
Այս տարի նախատեսվում է, որ կլինի 850 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ Հայաստանի տնտեսություն, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը:
«3,2 մլրդ-ի մասին է հայտարարվել ու դա մի քանի տարվա ծրագիր է: Այս տարի նախատեսվում է, որ կլինի 850 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ, որոնց ֆինանսական աղբյուրներն ու իրականացնողներն արդեն հստակ են: Ինչպես տեսնում եք, արդեն շատ ակտիվ ներդրումային ծրագրերը քննարկվում են և ներդրումներ արդեն իսկ իրականացվել են», - ասաց Սուրեն Կարայանը:
Նա նշեց, որ հիմնական ներդրումները կիրականացվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության ոլորտներում: Ներդրումներ կլինեն նաև դեղագործության ոլորտում և սննդի վերամշակման ոլորտում:
«Ինչ վերաբերում է աղբյուրներին, ինչպես գիտեք, այստեղ ստեղծվեց Հայաստանի ներդրողների ակումբ, դա մեկ աղբյուր: Մնացածը` շատ բազմազան աղբյուրներ են, կան մասնավոր ներդրողներ, որոնք հետաքրքրություն են հայտնել և արդեն իսկ սկսել են ներդրումներ իրականացնել», - ասաց Սուրեն Կարայանն` ավելացնելով, որ ներդրողների թվում կան ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ այլ երկրներում ապրող ազգությամբ հայեր: