19/04/2017 15:28
Հայաստանում բարձր տեխնոլոգիաներով արտադրված լոլիկն իր ինքնարժեքով մրցակից է ցանկացած երկրում արտադրված լոլիկի հետ
Շահումյան համայնքի վարչական տարածքում է գտնվում «Սպայկա» ընկերությանը պատկանող «Գրին հաուզ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է լոլիկի և վարունգի արտադրությամբ։
Ջերմոցային համալիրը կառուցվել է 2014 թվականին՝ բողկի արտադրության համար։ Ընդամենը մեկ տարի հետո՝ 2015 թվականին, ջերմոցային համալիրում արտադրված բողկը գրավել է Ռուսատանի շուկայի այդ ապրանքատեսակի 15-20 տոկոսը։
«Շատ հաջողված պրոյեկտ էր», - ջերմոցային համալիրում շրջայցի ընթացքում լրագրողներին ասաց «Սպայկա» ՍՊԸ նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։
Նա պատմեց, որ երկու տարի հետո սկսել են վերակառուցման աշխատանքները, և բողկի արտադրությունն այժմ կազմակերպված է բաց գրունտում, իսկ ջերմոցները վերածվել են լոլիկի ջերմոցների։
«Ներկայում 35 հեկտար տարածքից 5 հեկտարը վարունգի արտադրության նպատակով է օգտագործվում, մնացած 30 հեկտարը՝ լոլիկի։ Տարեկան արտադրվում է մոտ 15 հազար արտադրություն։ Այստեղ աշխատում է ավելի քան 450 աշխատակից։
Այս տարի ևս 20 հեկտար կկառուցվի, նախատեսվում է, որ կունենանք 600-ից 700 աշխատակից», - ասաց Կարեն Բաղդասարյանը։
Նախատեսվում է, որ տարեկան 25 հազար տոննա արտադրանք կլինի։ Ամբողջ արտադրությունը պլանավորվում է արտահանման համար։
Կարեն Բաղդասարյանը ներկայացրեց, որ փակ գրունտում տարեկան արտադրվում էր մոտ 9000 տոննա բողկ, այժմ արդեն բաց գրունտում կրճատվել է արտադրման սեզոնը, սակայն տարեկան արտադրվում է 6000 տոննա բողկ։ Այստեղ ևս նախատեսվում է ցանքատարածությունը մեծացնել՝ արտադրությունը հասցնելով 10 000 տոննայի։
«Աշխատանքի բերումով տարբեր տեսակի լոլիկներ ենք համտեսել, հավաստիացնում եմ, որ Հայաստանում արտադրված լոլիկն իր համային հատկություններով, միանշանակ, տարբերվում է և մեծ առավելություններ ունի։ Օգտվում ենք հոլոնդական սորտերից, որն իր համային հատկանիշներով շուկայում գերազանցում է բոլոր սպասելիքները», - ասաց Կարեն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաներով արտադրված լոլիկը իր ինքնարժեքով մրցակից է ցանկացած երկրում արտադրված լոլիկի հետ։