06/05/2017 12:29
Որն է եղել Երևանում ծնված հնգյակ երեխաներից մեկի մահվան պատճառը. մեկնաբանում է ՀՀ գլխավոր նեոնատոլոգը
«Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր լուսադեմին մահացած երեխան, որն օրերս ծնված հնգյակից մեկն էր, ծայրահեղ անհաս էր, ինչի հետևանքով նրա մոտ կային շնչառական խանգարումներ ու ներգանգային արյունազեղում, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ Գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:
«Երեխայի շնչառական խանգարումներն ու ներգանգային արյունազեղումը խորը, ծայրահեղ անհասության հետևանք են: Իսկ ծայրահեղ անհասությունն այն է, երբ նորածինները ծնվում են 28 շաբաթական հասակից շուտ, համարվում են ծայրահեղ անհաս, այսինքն՝ նրանք 1 կգ-ից պակաս են», - բացատրեց ՀՀ գլխավոր նեոնատոլոգը:
Մասնագետի խոսքով՝ ընդհանրապես, ցանկացած երեխա, որը ծնվում է 37 շաբաթականից շուտ, անհաս է համարվում: Սակայն այս հնգյակի պարագայում, ըստ նեոնատոլոգի, երեխաները շատ անհաս են՝ 600 գրամ, և ոչ թե ուղղակի անհաս:
«Այս անհաս բալիկի թոքերը նորմալ չեն աշխատել, առաջին րոպեներից այդ բալիկները շնչում են արհեստական սարքերի օգնությամբ, ճնշումով օդ են փչում երեխայի թոքերի մեջ, որ նրանք ապրեն: Բայց շատ ֆունկցիաներ կան, որոնց բժիշկները ոչ մի բանով չեն կարող փոխարինել», - ասաց նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:
Մասնագետի խոսքով, մյուս երեխաները ևս ծայրահեղ անհասություն ունեն, և նրանց էլ նման վտանգ սպառնում է:
«Առաջին օրվանից ասվել է, որ բոլորը շատ ծանր վիճակում են, բոլորին էլ վտանգ սպառնում է, նրանք բոլորն էլ արհեստական սարքերի օգնությամբ են շնչում», - հավելեց նեոնատոլոգը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ լուսադեմին մահացել է մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաների մեկը, ով գտնվում էր «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Հինգ երեխաներից 4-ը աղջիկ էին, մեկը՝ տղա:
Նորածիններից մեկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ մյուսը` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Փոքրիկներից մեկը մնացել էր «Էրեբունի» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում, նորածիններից երկուսը` տղան և աղջիկներից մեկը, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական համալիր: