11/05/2017 20:31
Այս վիճահարույց քայլով մենք ստիպում ենք սթափվել իշխանական բազմաթիվ գժուկների. Փաշինյանը՝ 15.000 դրամ աջակցության մասին
Այսօր Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ամփոփիչ հավաքի ժամանակ «Ելք» դաշինքի առաջնորդ, Երևանի ավագանու թեկնածու Նիկոլ Փաշինյանը պնդել է «15 հազար դրամների» առաջարկը:
«Մենք կարող ենք արձանագրել մի բան՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ կա մի քաղաքական ուժ, որը կոնկրետ մեխանիզմ է առաջարկում այնպիսի ընտրակեղծիքների դեմ, ինչպիսին ընտրակաշառքն ու կարուսելն է», - Հյուսիսային պողոտայում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի ավագանիում մեծամասնություն ստանալուց հետո իրենց թիմը պատրաստվում է փոփոխություններ կատարել Երևան քաղաքի բյուջեում, որը կկոչվի «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքի հարկադրանքին ենթարկված քաղաքացիներին»: Ըստ այդ ծրագրի՝ յուրաքանչյուր քաղաքացի, որը կհրաժարվի ընտրակաշառքով քվեարկելուց, Երևան քաղաքի բյուջեից կստանա 15 000-ական դրամ աջակցություն:
«Այս վիճահարույց քայլով մենք ստիպում ենք սթափվել իշխանական բազմաթիվ գժուկների, որովհետև 15 հազարի մեր առաջարկը կարող է Հայաստանում արմատախիլ անել ընտրակաշառքի ու կարուսելի պրակտիկան, և հանրությունը պետք է տեղեկացված լինի՝ այս պահը ըստ արժանվույն գնահատելու համար», - հայտարարեց Փաշինյանը:
Նա ասաց, թե գիտակցում են, որ այս առաջարկը չի կանգնեցնի ընտրակաշառքի հզոր ալիքը, բայց ընտրակաշառքը վերցրած քաղաքացին կունենա մոտիվացիա՝ չքվեարկել ըստ ընտրակաշառքի:
«Ես գիտեմ, որ այս առաջարկը բուռն կրքեր է բորբոքում, բայց ուզում եմ անել մի քանի նկատառում. այն բացարձակապես օրինական է: Աշխարհում չկա և չի կարող լինել մի իրավաբան, որը կասի, թե սա օրենքի առումով խոցելի է: Շատերն ասում են՝ ընտրակաշառքն օրինակա՞ն եք դարձնում: Ո՛չ, «ընտրակաշառք» և «օրինական» բառերը չեն կարող զուգորդվել», - հայտարարեց Փաշինյանը:
Նկատենք, որ նույն դաշինքից պատգամավոր ընտրված Մանե Թանդիլյանը, Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, հայտարարել էր, որ «Ելք» դաշինքի առաջարկած 15 000 դրամի սոցիալական աջակցությունը այսօր էլ գոյություն ունի, պարզապես այն ստանում են գործող քաղաքապետի բարեկամները: